Շնորհավորանք, փոխարենը՝ մրգեր, քաղցրավենիք կամ փող. ամանորյա ավանդույթը Շամլուղում շարունակվում է

Շամլուղում՝ Փարա-փուլի ավանդույթի ժամանակ

Ամանորի գիշերն այս տարի էլ աղմկոտ կլինի Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում։ Փարա-փուլի են կոչում ավանդույթը, որ երեխաներին տոնական զգեստներով ու դիմակներով, երգ ու պարով, հայ-հրոցով շենքից շենք, տնից տուն է տանում։ Խմբերով գնում, ծանոթ-անծանոթի դուռ-լուսամուտ են ծեծում, շնորհավորում, փոխարենը՝ մրգեր, քաղցրավենիք կամ փող ստանում։

Շամլուղում հայերը փոքրամասնություն են եղել։ Այստեղ տասնամյակներ շարունակ հայեր, հույներ, վրացի ու ադրբեջանցի կողքի-կողքի են ապրել։ Հիմա արդեն բնակիչների թիվն առնվազն տասն անգամ նվազել է։ Մյուս բոլոր ազգերը հեռացել են, հիմնականում հայերով են մնացել, բայց միևնույնն է՝ Ամանորին ադրբեջաներեն փարա ու վրացերեն՝ փուլի գոչելով փող հավաքելը Շամլուղում մինչ օրս ընդունված բան է, պատմում է շամլուղեցի նկարիչ-քանդակագործ Տիգրան Մաշինյանը։

Շամլուղեցի երեխաներն Ամանորի նախօրեին իրար գլուխ են հավաքվում՝ որոշելու՝ ով ինչ կերպար կունենա, ինչ երգ կերգի, քանի հոգանոց խումբ կստեղծեն, հավաքված գումարից ում որքան բաժին կհանեն կամ ինչպես կծախսեն։

Նոր տարվա գիշերը հավաքածը վերջում արդար բաժանելը տոնի ամենակարևոր պայմանն է, ուստի դա մեծերին է վստահված, ինչպես նախկինում էր, ասում է Տիգրան Մաշինյանը։

Շամլուղում կվիրավորվեն, եթե հանկարծ Փարա-փուլիի խմբերն իրենց դուռը չթակեն։ Դա հնարավոր բան չէ, ասում են։