Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին։
Խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը ադրբեջանական Report-ին հայտնել է, որ այցի նպատակն էր ստուգել պահման պայմաններն ու կալանավորների հետ վարվելու կանոնները։
«Հանդիպման ընթացքում կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար, ապահովված են անհրաժեշտ գրքերով, հասանելիություն ունեն հեռուստացույցին, էլեկտրոնային գրադարանին, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից», - նշում է Report-ը՝ նաև տեղեկացնելով, որ ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է տրամադրվել։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները կալանավորներին են փոխանցել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները», - նաև ասել է Շիրինովը։
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո Բաքուն արցախցի 8 պաշտոնյաների գերեվարեց՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննչական կոմիտեն «սահմռկեցուցիչ տվյալներ ունի ադրբեջանցիների կողմից խոշտանգումների մասին»