Օրերս ձերբակալված Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վեց պաշտոնյաներից հինգը կալանավորվել են, «Ազատությանը» փոխանցեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը:
«Դեկտեմբերի 21-ին ձերբակալվել են Տեսչական մարմնի վեց պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վեց ներկայացուցիչներ, այդ թվում՝ կազմակերպությունների տնօրեններ: Տեսչական մարմնի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից նախնական համաձայնությամբ, խմբի կազմում խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար», - ասաց Մարինա Օհանջանյանը:
Վեցերորդ պաշտոնյան, ինչպես նաև մի շարք կառուցապատող ընկերությունների ձերբակալված վեց ներկայացուցիչներն ավելի ուշ ազատ են արձակվել: Նրանք ստորագրություն են տվել չբացակայելու մասին:
Օհանջանյանի խոսքով՝ ձերբակալված վեց պաշտոնյաներից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Կալանավորված պաշտոնյաներից երեքը Տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներն են:
Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մանրամասնում, թե որ կառուցապատող ընկերություններն են դարձել կոռուպցիոն այս սկանդալի մասնակից։ Նրանք մեղադրվում են կաշառք տալու համար, իսկ Տեսչական մարմնի վեց պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատողների օգտին որոշումներ կայացնելու համար, մասնավորապես՝ գումար են վերցրել, որ փաստաթղթերում կեղծ դրական կարծիք տան սահմանված նորմերին համապատասխանության մասին:
Տեսչականից «Ազատությանը» որևէ մեկնաբանություն չտվեցին, անգամ չասացին, թե ովքեր են մեղադրյալ պաշտոնյաները՝ հորդորելով դիմել իրավապահներին։ Նույնիսկ չհակադարձեցին Հակակոռուպցիոնի ներկայացրած ծանր մեղադրանքին՝ համաձա՞յն են արդյոք կոռուպցիոն այս բացահայտմանը, թե՞՝ ոչ:
Մինչ այդ, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարն ասում է՝ իրենց անդամ կառուցապատողները երբևէ չեն ահազանգել կաշառքի մասին. - «Կոռուպցիայի մասով մենք որևէ, նման հաղորդումներ անգամ կառուցապատողների կողմից երբևէ չենք լսել, նման տվյալի չենք տիրապետել: Նման տվյալի կարող են տիրապատել բացառապես իրավապահ մարմինները՝ համապատասխան քննություն իրականացնելու արդյունքում հայտնաբերված կամ որոշակի փաստերի հայտնաբերման, առկայության կամ բացակայության պայմաններում»:
Ասոցիացիան 50 անդամ ունի՝ բոլորի առաջնային խնդիրը Տեսչականի աշխատողների պակասն է։ Ամբողջ երկրին սպասարկում է մոտ երկու տասնյակ տեսուչ, որոնք ստուգում են՝ արդյո՞ք կառուցվող շենքերն անվտանգ են և համապատասխանում են սահմանված չափանիշներին։
Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ քիչ տեսուչների պարագայում այս գործընթացը դանդաղում ու ձգձգվում է. - «Քանի որ այդ մարդիկ շատ ծանրաբեռնված են, ամենօրյա գործունեությունը շատ-շատ է, քանի որ քաղաքաշինական բում է այսօր Հայաստանում տեղի ունենում, ֆիզիկապես չեն հասցնում: Ու կառուցապատողների մոտ առաջանում է դժգոհություն, որ չեն հասցնում Տեսչական մարմնի աշխատակիցները, ինչը հասկանալի դժգոհություն է, բայց նաև հասկանում ենք, որ էնտեղ մարդիկ են նստած, ռոբոտ չի նստած»:
Գրիգորյանն ասում է՝ թե ինչ է իրականում տեղի ունեցել տեսչական- կառուցապատող գործարքի դեպքում, ցույց կտա քննությունը: «Իրական կյանքում բոլոր կառուցապատողները փորձում են հնարավորինս համապատասխանել նախագծային փաստաթղթերով և և քաղաքաշինական նորմերով սահմանված պահանջներին: Ինչի՞՝ որովհետև գիտակցում են, քաջ գիտակցում են, որ գործ ունեն մարդու կյանքի և առողջության հետ, և ցանկացած խախտում եթե իրենց կողմից թույլ տրվի, դա հանգեցնելու է ռեպուտացիոն մեծ ռիսկերի», - ընդգծեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը:
Վերջին շրջանում ակտիվացել են բողոքները կառուցապատողներից, նորակառույցներում տներ գնած մարդիկ ժամանակին չեն կարողանում բնակարանամուտ տոնել, կառուցապատողները մեղադրանքի սլաքներն ուղղում են հենց պետական մարմիններին՝ ահազանգելով ձգձգումների մասին։ Իսկ թե կառուցապատողների քանի թերացում են հայտնաբերել իրավապահները, հստակ վիճակագրություն այսօր ստանալ չհաջողվեց։ Մասնագետնեը հաճախ են շինարարության վերահսկողության հարցը բարձրացնում՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգները։
Your browser doesn’t support HTML5