«Ղարաբաղի հարցը մեր հարցն էր, մենք պետք է լուծեինք՝ իմանալով, որ եթե չլուծենք, ահա այսօր այս վիճակին կհասնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ շեշտելով՝ կարող է տասից ավելի մեղավորների անուններ նշել Հայաստանից դուրս, սակայն ուզում է դժբախտությունների բանալին միշտ գտնել Հայաստանի ներսում։
«Ուզում եմ հասկանալ՝ ինչը սխալ արեցինք, որ հասանք էսօրվան, և ավելին ասեմ՝ կարո՞ղ է էլի շարունակենք սխալներ անել, որ հիմա էլ էսօրվանը երանի տանք», - ասաց Հակոբյանը՝ հիշեցնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը «հայրենական ընդդիմությունը համարում էր դավաճանություն»։
«Հիմա էդ մարդիկ էդ թուղթը ձեռներն ընկել են փողոցները, ասում են՝ «բա նոյեմբերի 9-ն ենք ուզում», - ասաց լրագրողը՝ ընդգծելով՝ սխալը Հայաստանի ներսում էր, «մենք չկարողացանք ճիշտ գնահատել մեր ուժերը, մենք չկարողացանք գնահատել, թե տարածաշրջանային ինչ փոփոխություններ են տեղի ունենում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ ԼՂ իշխանությունները գնացին Արցախը կազմալուծելու քայլին«Որքան էլ ես քննադատեմ Նիկոլ Փաշինյանին, որ նա, ունենալով ժողովրդի քվեն, 2018-ին նա չգնաց կարգավորման, ավելին՝ նա գնաց և ասեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իր կետից սկսելու այդ հայտնի հայտարարությունները, այնուամենայնիվ ես չեմ կարող կույր ձևանալ և չնկատել, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցավ այն, ինչ 1920 թվականին՝ ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունում ոտնահարվեց հայ ժողովրդի շահերը։ Այս եռյակ դաշնությունը ամենամեծ վնասը հասցրեց Արցախի ժողովրդին, հայ ժողովրդին, ինչպես և հասցրեց 1920 թվականին։ Սա էլ եմ ես տեսնում, բայց կրկնում եմ՝ հիմնական խնդիրը նա էր, որ ճիշտ չհաշվարկեցինք։ Պետք է արմատները փնտրել Հայաստանի ներսում», - ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ հիմա էլ է տեսնում որոշ վտանգավոր միտումներ։
«Թող չթվա, որ ամեն ինչը սրանով ավարտվել է, և եթե մենք չկարողանանք հիմա ճիշտ քայլեր կատարել, այ էս ստորացված վիճակին ենք երանի տալու», - ասաց լրագրողը։
Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․