Գյումրիում երեկ երեկոյան վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։
Մոտ 5 մլրդ դրամ ունեցող Գյումրիի բյուջեից ամեն տարի ամանորյա միջոցառումների համար 11-12 մլն դրամ է ծախսվում։
Համեմատության համար՝ այդ գումարը Երևանում մոտ 419 միլիոն դրամ է կազմում։ Գյումրիում մտադիր են հաջորդ տարի փոխել գլխավոր տոնածառը, որը մայրաքաղաքինի համեմատ բավականին համեստ տեսք ունի և որի վրա մեկ միլիոն դրամ են ծախսում։
«Հաջորդ տարի միանշանակ փոխելու ենք։ Մասնագետներ ենք հրավիրելու, ամբողջ քաղաքի հետ կապված նոր դիզայն մշակենք։ Միակ բնական տոնածառն է այս բարձրության տարածաշրջանում, բնական ենք միշտ դնելու, ավելի ենք կատարելագործելու, ավելի գեղեցիկն ենք ստանալու», - ասաց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Տարին Գյումրիում ավարտվեց իշխող «Բալասանյան» դաշինքի ու «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական ապահարզանով։ Սամսոնյանը չցանկացավ անդրադառնալ այդ հարցին։
«Բերեք քաղաքական ցնցումներից չխոսենք։ Ձյունն էլ եկավ, առատության նշան է, հուսով ենք 24 թվին մենք ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել։ Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, կարողանանք ներքին էմոցիաներն ու ամբիցիաները մի կողմ դնելով թև ու թիկունք լինենք, միասին մեր քաղաքը, երկիրը շենացնենք, մեր ժողովրդին էլ բարեկեցություն ապահովենք», - ասաց Սամսոնյանը։
Գյումրիում միայն մի քանի կենտրոնական փողոցներ են զարդարվել։