20 կողմ ձայնով Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Հավաքականի նախկին խաղացող, նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը 3 կողմ ձայն ստացավ։ Քվեարկությանը մասնակցեցին կառույցի անդամ 25 ակումբներից 23-ը։
Նախագահ վերընտրվելուց հետո Մելիքբեկյանի առաջին խոսքերը ՀՖՖ-ի հետ առճակատման մեջ գտնվող ակումբներին էր ուղղված։ Նա շեշտեց՝ պատրաստ են նրանց հետ համագործակցության։ ՀՖՖ նախագահի կարծիքով նրանց հետ ունեցած խնդիրները հնարավոր է լուծել։
Նախքան քվեարկությունը Մելիքբեկյանն իր ելույթում հայտարարեց՝ ինքնանպատակ չի առաջադրվել։
«Մենք մեծ ծավալի աշխատանք են կատարել այս տարիների ընթացքում և դա արել ենք ճգնաժամային պայմաններում՝ համավարակի, պատերազմի, աշխարհաքաղաքական բարդ զարգացումների լույսի ներքո, չստացվածի համար ներողություն եմ խնդրում՝ խոստանալով ընտրվելու դեպքում էլ ավելի շատ ջանք ու եռանդ գործադրել», - ասաց Մելիքբեկյանը։
Օզբիլիսն էլ իր ելույթում նշեց՝ տեսել է ուրիշ ֆուտբոլ և ուզում է տեսնել այդ բարձր ստանդարտները նաև Հայաստանում։
«Մենք պետք է ֆուտբոլը ձգտենք վերադարձնել մեր բակեր, մարզեր, գյուղեր», - ասաց Օզբիլիսը՝ շեշտելով՝ նվիրված է երկրին, ֆուտբոլին ու «գիտեմ, որ կարող եմ դրական փոխել ֆուտբոլը, ես վճռական եմ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՖՖ-ն այսօր նախագահ կընտրի