Ցույց Հորդանանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Գազայում բնակվող պաղեստինցիների

Ցույց Ամմանում՝ ի պաշտպանություն Գազայում բնակվող պաղեստինցիների, արխիվ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն պատերազմի մեջ հայտնված Գազայում բնակվող պաղեստինցիների:

Ցուցարարները կոչ են արել խզել թագավորության դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ և վերջ տալ Հորդանանում արևմտյան ռազմական ներկայությանը:

Հոկտեմբերի 7-ից հրեական բնակավայրերի վրա «Համաս»-ի անսպասելի հարձակումից հետո սկսված պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 1200 իսրայելցի, 240 մարդ պատանդառվել է:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

«Համաս»-ին ենթարկվող Գազայի առողջապահության նախարարությունն է հայտնում՝ զոհվել է ավելի քան 20 հազար պաղեստինցի: Վիրավորների թիվը գերազանցել է 53 հազար 300-ը: