«Չի աշխատելու, աբսուրդ է». ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի առջև

Ջուրը խնայելու իշխանությունների պահանջին հետևել չեն կարող, բիզնեսները կփակվեն, պնդում են ձկնաբույծները՝ կառավարությանը հորդորելով ջրի խնդիրն այլ վայրերում լուծել։ Պաշտոնյաների հետ հանդիպումներից, պարզաբանումներից հետո էլ չեն մտափոխվել, ասում են՝ ճիշտը իրենց կողմում է։

«Մենք պահանջում ենք, որ մեզ հանգիստ թողնեն», - այսօր ասացին նրանք։

Օրենսդրական բոլոր փոփոխությունները վաղուց արված են, ձկնաբույծները մեկուկես տարի առաջ գիտեին՝ 2024-ի հունվարի մեկից կարող են աշխատել միայն այն դեպքում, եթե ունենան ջրի օգտագործման փակ կամ շրջանառու համակարգ, այսինքն՝ ձուկ բուծելու համար օգտագործվող ջուրը պետք է ֆիլտրեն, հետո դարձյալ կիրառեն։

Նպատակն, ըստ գործադիրի, նրանց տրվող ջրի առավել արդյունավետ օգտագործումն է։ Իշխանությունները շեշտում են՝ վերջին չորս տարիներին ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է ավելի քան 1.7 մետրով։ Կառավարության հաշվարկներով՝ անցած տարի 1.1 միլիարդ խորանարդ ջուր է օգտագործվել, որի 75 տոկոսը՝ միայն ձկնաբուծության նպատակով։

Հունվարի մեկից ձկնաբուծարաններն այս սխեմայով պետք է աշխատեն՝ կկարողանան սահմանված ծավալի միայն 60 տոկոսի չափով ջրառ իրականացնել, մնացածը պետք է մաքրեն ու նորից օգտագործեն, արդյունքում, ըստ գործադիրի, ջրառի ծավալները 40 տոկոսով կկրճատվեն։ Այս համակարգերի ձեռքբերման ծախսերը ձկնաբուծարանները պետք է հոգան, պետությունն աջակցելու պատրաստակություն է հայտնել։

Այս ամենն անիմաստ է, պնդում են այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ձկնաբույծները՝ հայտարարելով, թե իշխանությունների մոտեցումը պրոֆեսիոնալ չէ. ձկներն այդ պայմաններում չեն կարող ապրել։

«Չի աշխատելու, ի՞նչ ծախս, դա աբսուրդ է, ի՞նչն աշխատի»։ «Եթե փակ համակարգ եղավ, ջուրը տաքանալու է, ձկները սատկեն, իմաստ չունի, ոնց որ բերես, լցնես, սատկացնես, տաք ջրի մեջ ձուկը կապրի՞», - ասում են նրանք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով. տեսակետներ, թե ինչ արդյունք սա կարող է տալ

Կառավարությունից ընդգծում են՝ առաջարկվող համակարգը հիմա էլ կիրառողներ կան։ Ցուցարարները սա համոզիչ չեն համարում։

Մոտավորապես որքա՞ն գումար է պետք այս համակարգը ներդնելու ու բոլոր անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար, հաշվարկներ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ազատության» այս հարցերին ցուցարարները հստակ պատասխան չտվեցին, չնայած պահանջի մասին վաղուց գիտեին։

Թեմային այս ամիս վարչապետ Փաշինյանն էլ անդրադարձավ՝ հայտարարելով՝ հետ քայլ չի լինելու։