Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին և բարձր որակով, ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»,- նշել է Կոպիրկինը՝ նկատելով՝ Մոսկվան և Երևանը քննարկում են նոր համաձայնագրերի կնքման հարցեր։
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հարցին ի պատասխան, թե Երևանի ու Մոսկվայի միջև զենքի գործարքի շուրջ նոր բանակցությունների մասին ի՞նչ կարող է ասել, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց․ - «Չեմ բացառում»։
«Դա ընդհանուր քննարկում է, որի մեջ, չակերտավոր ասած, բոլոր խնդիրները կարող է ներառված լինեն», - նկատեց ԱԺ նախագահը։
ՏԱՍՍ-ի հետ զրույցում դեսպանը միևնույն ժամանակ չի հերքել՝ անհատական պայմանագրերում իսկապես կան հարցեր կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք, ինչպես Կոպիրկինն է նշել, աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության միջոցով։
Պաշտոնական Երևանը բազմիցս հաղորդել է, որ Մոսկվան վճարված 400 մլն դոլարի շրջանակում որևէ զենք Երևանին դեռ չի մատակարարել։ Կողմերը հայտարարել են, որ պատրաստ են այդ հարցը լուծել գործընկերային մթնոլորտում։
Հայաստանը նաև հայտարարել է, որ մտադիր է դիվերսիֆիկացնել զենքի գնումները։ Մասնավորապես, Երևանը սկսել է ակտիվ համագործակցություն Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ պաշտպանական ոլորտում։
«Երկկողմ օրակարգերում կան որոշակի տարաձայնություններ»
Հարցին, թե Երևանի նկատմամբ Արևմուտքի զարգացող հետաքրքրությունների ֆոնին դեսպանատան շփումներն ու առաջադրանքները փոփոխվե՞լ են, դեսպանը պատասխանել է՝ Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ և միջազգային հարցերի շուրջ համանման հայացքներով՝ «այդ դաշինքը համահունչ է երկու երկրների առանցքային շահերին»։
Կոպիրկինը չի հերքել՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ օրակարգում կան որոշակի տարաձայնություններ սակայն, նրա խոսքով, և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են վիճելի հարցերը քննարկել անկեղծ ու կառուցողական մթնոլորտում, «ինչպես վայել է դաշնակիցներին»։
«Այս փուլում մենք մեր աշխատանքային գործընթացում որևէ էական փոփոխություն չենք նկատում։ Մենք շարունակում ենք աշխատել ռուս-հայկական համապարփակ համագործակցության շրջանակներում առաջադրված խնդիրների վրա։ Մենք վստահ ենք, որ դրանց իրագործումը օգուտ կբերի ինչպես ռուս, այնպես էլ հայ ժողովուրդներին», - ասել է դեսպանը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարեց, թե երկու երկրների դաշնակցային կապերի ամրությունը քննություն է անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է խաթարել այդ հարաբերությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ռուսական հարաբերությունները չեն փորձության ենթարկվում, այլ՝ պայմանագրերը. Արթուր Հովհաննիսյան