Ջրային պարեկների հետ «ծովամարտից» հետո էլ Նորատուսում պնդում են՝ ձկնորսությանն այլընտրանք չունեն

Ջրային պարեկները ծառայության են անցնում Սևանա լճում, 9-ը դեկտեմբերի, 2023թ.

Ամիսներ տևած վերապատրաստումներից, քննություններից ու վարժանքներից հետո վերջերս ծառայությունը սկսած ջրային պարեկներն օրերս առաջին փորձությանը ենթարկվեցին:

Նախօրեին Սևանա լճի Նորատուսի հատվածում իրենց նավերով ծառայություն իրականացնող պարեկներին ու «Սևան» ազգային պարկի աշխատակիցներին բարկացած նորատուսցիները շրջափակեցին: Քննչական կոմիտեն հաղորդում է` շուրջ 200 նավակներով գյուղացիները հայհոյել, բենզինով լցված շշեր են նետել նրանց ուղղությամբ, ապա դիմակավորված գյուղացիներից մի քանիսին հաջողվել է հայտնվել հակառակ կողմի նավի վրա, ազգային պարկի աշխատակիցներին ծեծել են, մի քանիսը վնասվածքներ են ստացել: Վերջում էլ ազգային պարկի նավն են գողացել:

Ոմանց այս ամենը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը հիշեցրեց, ոմանք էլ եղածը «ծովամարտ» բառով բնորոշեցին:

Դեպքից հետո 26 քաղաքացի է ձերբակալվել: Նորատուսում, սակայն, կրքերը չեն մարել: Գյուղացիները շարունակում են պնդել՝ ձկնորսությանն այլընտրանք չկա։

«Բոլորով էլ նույն խնդիրն ունեն՝ հացի խնդիր ա: Էտ ա, ըտեղից ա սկիզբ առել էս ամեն ինչը... »:

«Ուրիշ տարբերակ ընձի չունեմ, ձուկը եթե չեմ կանում բռնեմ, հիվանդ եմ: Ձուկ եմ ծախում՝ օրական 5 հազար ա, 3 հազար ա, 7 հազար ա... Վարկերի տակ եմ, վարկերը չեմ տա, չյոռնի եմ ընգե... »:

Նորատուսցիները կատարվածի իրենց մեկնաբանությունն են ներկայացնում՝ պարեկներն են սկսել, ըստ նրանց.

«Միջադեպը ձուկ բռնելուց ա էկե, տենց սկսվե՝ մարդիկ գնացած որ իրանց սետկեքը [ցանցերը. - խմբ.] հանեն, դրանից նավը էկե, էրկու հոգու դաժե կյանքը մե ձևի փրկել են, նավն էլ խորտակվե, լոդկեն [նավակը. - խմբ.], ավելի ճիշտ: Ձկնորսները գնացել ին իրանց սետկեքը հանելու՝ իրանց ապրելամիջոցներն ա էդ սետկեքը, ըտեղից էլ նավերները հարձակում ա գործած: Բա հենց էդ պահին ա էլի նավը էկե, հարձակվե էդ փոքր լոդկեքի վրա, խորտակե, հիմ էլ բարդել ա էս նորատուսցիքի ժողովրդի գլխին»:

«Լոդկեն սկցրած, էրկու հոգի էլ մեկ էլ փրկված ա էդ լոդկից, ջրից հանած ա: Հիվանդանոցը պառկած են»:

Սևանի ավազանի գյուղի բնակիչներին ձվադրման այս շրջանում սիգի որսի արգելքն է զայրացրել: Նոյեմբերի 20-ից հունվարի 20-ը ձկնորսությունն արգելված է: Հսկողությունն էլ հենց պարեկներն են իրականացնում՝ «Սևան» ազգային պարկի հետ համատեղ:

«Ճնշում գործադրում են՝ լքեն Հայաստանը, ո՞րդե էթան, էթան Ռուսաստա՞նը, ընդեղ էլ տեղ չեն տալու», - ասում էր վրդովված գյուղացիներից մեկը:

«Ձվադրումը էս պահին չի անում, էդ գիտնականները, ովքեր որ ասում են՝ մըկա ձվադրում ա, սուտ են ասում, չեն հասկանում: Ձվադրումը կարող ա ունենա հունվարի 1-ից մինչև հունվարի 20-ը», - պնդում էր մյուսը:

Դեպքին ընդառաջ՝ իրավապահներն ու գյուղացիները բանակցել են: Օրենքի կողմը հայտարարում է՝ ընդառաջել են, թույլ են տվել մի քանի օր էլ ձուկ բռնել: Գյուղացիներից ոմանք չեն համաձայնել ու ավելին են ուզել: Այս ամենից հետո իրավապահները քայլերի են դիմել:

Քննչական կոմիտեն զանգվածային խուլիգանության, պաշտոնատար անձանց ծառայողական պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու հոդվածներով է գործը քննում:

«Չկա Նուրատուս՝ չկա ուրեմս Հայաստան, տենց էլ կարամ ասեմ», - հայտարարեց նորատուսցիներից մեկը:

Նորատուսցիներն անսասան են: Երեկ նույնիսկ ճանապարհ էին փակել: Գյուղի տղամարդիկ ասում են՝ ձուկ բռնելն իրենց ապրուստի միակ միջոցն է, թող պետությունն այլ բան առաջարկի՝ դրանով զբաղվեն.

«Չկա, ուրիշ աշխատանք չկա: Խնդրեմ, թող բերեն աշխատանքի տեղ տան... »:

Միջադեպից հետո, ասում են, ձկնորսությունը չի շարունակվել։

Ափամերձ հենց այս հատվածում բազմաթիվ նավակներ են եղել, ազգային պարկի աշխատակիցները ստուգում են ելումուտ անող մեքենաները՝ ձուկ կա՞, թե՞՝ ոչ: Ջրային պարեկներին այս աշխատանքներում ներգրավելով՝ իշխանությունները նպատակ են դրել ձկնագողության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնել:

Անասելի մեծ չափերի որսի ու ձկների ձվադրման վայրերի ոչնչացման հետևանքով Սևանն իշխանի երկու ենթատեսակ է կորցրել, որոշ տեսակներ անհետացման եզրին են, խեցգետնի պաշարն էլ գրեթե վերացել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Your browser doesn’t support HTML5

Ջրային պարեկների հետ «ծովամարտից» հետո էլ Նորատուսում պնդում են՝ ձկնորսությանն այլընտրանք չունեն