Օնլայն տաքսիները 2024-ի սեպտեմբերից կհարկվեն

Օնլայն տաքսի ծառայությունները 2024-ի սեպտեմբերից հարկային դաշտ պետք է մտնեն ու պետությանը տուրք վճարեն։

Մինչ օրս չկարգավորվող այս ոլորտի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նախագիծը երկարատև քննարկումներից հետո անցած ամիս ընդունվեց Ազգային ժողովում։

9 ամիս հետո այս ծառայությունները իրենց կատարած պատվերների մասին տեղեկությունը պետք է փոխանցեն պետությանը։ Իշխանությունները ցանկանում են ոլորտն օրենքի դաշտ բերել, մասնագետները, մինչդեռ, կարծում են՝ այս կարգավորումները բավարար չեն։

«Ոլորտն օրենսդրական կարգավորում չունի, բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում», - ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Կանխիկի դեպքում գանձնվող գումարն ավելի մեծ կլինի

Հաջորդ սեպտեմբերից օնլայն տաքսի ծառայություններն իրականացրած յուրաքանչյուր պատվերի դիմաց ստացած գումարի մի մասը պետք է հարկայինին փոխանցեն։ Սկզբում գումարը փոքր կլինի, հետագայում կաճի։ Ընդ որում՝ կանխիկով պատվեր կատարելիս գանձնվող գումարն ավելի մեծ կլինի։

Հաջորդ տարվանից դրույքաչափերը 2 տոկոս և 1,5 տոկոս կկազմեն։ Օրինակ, եթե ուղեվարձը 1000 դրամ կազմի, պետտուրքը կանխիկի դեպքում՝ 20, անկանխիկի դեպքում՝ 15 դրամ կլինի։

Տոկոսներն աստիճանաբար կավելանան և 2026-ին վերջնական մակարդակին կհասնեն՝ 5 տոկոս կանխիկի, 4՝ անկանխիկի դեպքում, փոխանցումները վարորդները չեն իրականացնելու, այլ հենց կազմակերպությունները։

«Կազմակարեպությունները պետությանը պետք է առցանց տրամադրեն հասանելիություն ձևակերպված պատվերների մասով», - տեղեկացրեց փոխնախարարը։

Եթե կազմակերպությունները իրենց ունեցած տեղեկատվությանը պատկան մարմիններին հասանելիություն չտրամադրեն, կտուգանվեն։

Գործադիրը օնլայն տաքսիներից պահանջելու է նաև էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ տրամադրել ուղևորներին։

Չնայած այս հարթակներով իրականացվող մեծաթիվ պատվերներին, վերջին տարիներին դրանց շեշտակի ընդլայնմանն ու մեծ դրամաշրջանառությանը՝ պետությունը մինչ օրս անգամ չգիտի, թե քանի աշխատող է ներգրավված այս համակարգերում, որքան գումար է պտտվում և այլն։ Այս մասին հենց օրենքը ներկայացրած Սիմոնյանը խոսեց Ազգային ժողովում։

«Ոլորտում գործունեություն իրականացնողի վերաբերյալ հստակ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով», - հայտարարեց փոխնախարարը։

Կառավարությունը խոստանում է տեխնիկապես ամեն ինչով ապահովել, շատ վարորդներ, մինչդեռ, հարցազրույցների ժամանակ կամ տեսախցիկի մյուս կողմում, ասում էին՝ հատկապես տարեցները դժվար գլուխ կհանեն այս ամենից։

Մասնագետները ծառայության թանկացում են կանխատեսում

Ուղևոր-տաքսի-պետություն տվյալների փոխանցման համակարգն ամբողջությամբ առցանց պետք է իրականացվի։ Ընդ որում, վճարվող տուրքը հաշվելու լիազորությունը պետությունը հենց այս ընկերություններին է պատվիրակում։ Ոչ լիարժեք տվյալներ տրամադրելու դեպքում ևս տուգանք է նախատեսված։

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ այս կարգավորումներով օնլայն հարթակները ամբողջությամբ հսկել ու փոխանցվող տեղեկությունների ճշմարտացիությունը ստուգել տեխնիկապես գրեթե անհնար է, քանզի դրանք իրենց իսկ ստեղծած կոդերով ու հավելվածներով են աշխատում։

«Իրանք հիմնվելու են էն տվյալների վրա, որոնք ներկայացրել է «Յանդեքս»-ը կամ որևէ ուրիշ ընկերություն, թափանցիկ չի կարող լինել», - ասաց Սահակյանը:

Մասնագետի պնդմամբ, մինչ օրս չվերահսկվող ոլորտը օրենքի դաշտ բերելու համար մեքենան որպես տաքսի օգտագործող յուրաքանչյուր վարորդից պետք է լիցենզավորում պահանջեն, իսկ ընդունված այս փոփոխությունները որևէ կերպ չեն անդրադառնում հարցերին, թե, օրինակ, ով կարող է վարել, ինչ մեքենայով և այլն։

«Վարորդը ծանր պայմաններով լիցենզավորում պետք է անցնի ու աշխտանի, կողքից որևէ մեկը, ով դրա իրավունքը չունի, չպիտի խանգարի։ Ինչ է նշանակում՝ խնձորը մեկն է ուտողներն ամեն օր շատանում են։ Դա էլ սահմանափակ ոլորտ է», - ասաց Սահակյանը՝ պնդելով՝ այս փոփոխությունները նաև ծառայության թանկացման կհանգեցնեն,՝ «նորից թանկացումներ, նոր դժգոհություններ»։

Գործադիրից հավելյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, ավելի վաղ վստահեցրել էին՝ ամեն ինչ կանեն, որ օրենքը սեպտեմբերից պատրաստ լինի կիրառման։