Վաշինգտոնը պետք է փոխի դիրքորոշումը, որպեսզի միջնորդի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Վաշինգտոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններում: Այդ մասին Newsweek ամերիկյան ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի մեկնաբանությունները «Ղարաբաղում այս տարվա սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ հավասարակշռված չէին»:

Ջեյմս Օ'Բրայենը քննադատել է ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական հարձակումը, որն ի վերջո հանգեցրել է ԼՂՀ լուծարմանը և Արցախի հայաթափմանը:

«Դա միակողմանի մոտեցում էր, որն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում», - ասել է Հաջիևը:

Նրա փոխանցմամբ՝ Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը շարունակում է հիասթափություն առաջացնել Բաքվում: Հաջիևն այն անվանել է «անհասկանալի» և «ամերիկյան Կոնգրեսի պատմության մեջ ամենաանարդար լրամշակումներից մեկը»։

«Ադրբեջանն օտարերկրյա օգնության կամ աջակցության կարիք չունի: Ադրբեջանն ինքնաբավ երկիր է։ Բայց այստեղ շատ կարևոր է հոգեբանական հանգամանքը, քաղաքական հանգամանքը, քանի որ Ադրբեջանի նկատմամբ նման վերաբերմունքն արդար չէ», - ասել է Հաջիևը:

Նա պնդել է, թե այդ լրամշակումը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության համաձայնագրի կայացմանը նպաստելու համար Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնելու ամերիկացիների ջանքերը:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ գործադիր իշխանության կողմից կարող է այլ վերաբերմունք լինել, հենց լինի՝ կարող ենք շարունակել {հայ-ադրբեջանական} քննարկումները Վաշինգտոնում», - նշել է Հիքմեթ Հաջիևը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը կարող է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում. Ալիևը՝ Օ՛ԲրայանինԲաքուն ուսումնասիրում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի վերջին առաջարկները«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում՝ ռազմական ճանապարհով»․ Ալիև Վաշինգտոնը շարունակում է  համագործակցել Բաքվի հետ կոչ անելով նրանց՝ ձգտել Երևանի հետ կայուն խաղաղության․ Միլլեր