Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» կոչ է անում միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ սահմանել իշխող ռեժիմի դեմ՝ քաղաքական բռնաճնշումների պատճառով։
Ըստ Turan գործակալության՝ հայտարարությունում ընդդիմադիր կոալիցիան, մասնավորապես, հիշեցրել է ռեժիմի քաղաքական հակառակորդներ, ժողովրդավարության հայտնի ջատագովներ Գուբադ Իբադօղլուի, Թոֆիգ Յագուբլուի նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու ձերբակալությունները։
«Երկրում օրեցօր վատթարացող սոցիալական վիճակի և խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին իշխանությունները փորձում են ապահովագրել իրենց ներքին վտանգներից՝ սաստկացնելով բռնաճնշումները», - ասված է հայտարարությունում։
Խորհուրդը նաև նշում է, որ ամբողջ տարածաշրջանում եվրաինտեգրման գործընթացներ են, որից իշխանությունները ևս վախենում են:
«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և ժողովրդավարական աշխարհին անտարբեր չմնալ Ադրբեջանում ռեպրեսիվ ռեժիմի անմարդկային գործողություններին և հասցեական պատժամիջոցներ կիրառել իշխող ռեժիմի դեմ, որը դարձել է մարդու իրավունքների և ազատությունների թշնամի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նաև կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր Թոֆիկ Յագուբլուին, Գուբադ Իբադօղլուին, լրագրողներ Հաֆիզ Բաբալիին, Սևինջ Վագըֆգիզիին, Ուլվի Հասանլիին և այլ քաղբանտարկյալների։
Նախագահական ընտրություններին ընդառաջ, Բաքվում սաստկացել են իշխանություններին քննադատողների դեմ բռնաճնշումները։ Հանգստյան օրերին ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, նախկին քաղբանտարկյալ Թոֆիգ Յագուբլուն։ Վերջին ամսիներին ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են Abzas Media-ի հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ կայքի ղեկավար Ուլվի Հասանլին։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և իշխող ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողական թիմին ադրբեջանական իրավապահները մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ, նրանց սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում նոր բռնաճնշումներ անկախ մնացած լրատվամիջոցի դեմ՝ մեղադրանքներ, խուզարկություններ, ձերբակալություններ