Ի պատասխան ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման՝ Ռուսաստանը ստեղծում է Լենինգրադյան զինտարածք

Ռուսաստանի Դաշնությունը կստեղծի նոր ռազմական զինտարածք: Դրա անունը կլինի Լենինգրադյան:

Մոսկվան այդ որոշումն ընդունել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցման կապակցությամբ, «Ռոսիա-1» հեռուստակայանին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ ունեցել է բարեկամական հարաբերություններ Ֆինլանդիայի հետ, սակայն ՆԱՏՕ-ին միանալու այդ երկրի որոշումը ստիպում է պատասխան քայլերի դիմել:

«Նախկին խնդիրները լուծված են, բայց հիմա նոր խնդիրներ կան։ Այսպիսով, Ռուսաստանը կստեղծի Լենինգրադի ռազմական օկրուգը և այնտեղ կկենտրոնացնի որոշակի ռազմական ուժեր»,- ասել է նախագահը։

Նրա փոխանցմամբ` Ռուսաստանը խնդիր չունի ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ, և հենց ՆԱՏՕ-ն է «արհեստականորեն խնդիրներ ստեղծում, քանի որ Ռուսաստանին մրցակից է համարում»։

Լենինգրադի մարզը գտնվում է Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում` Ֆինլանդիայի ծոցի մոտ, և սահմանակից է Ֆինլանդիային և Էստոնիային:

Պուտինն ասել է, թե իր կողմից միամտություն էր երբեմնի համոզմունքը, որ Արևմուտքը գաղափարական տարաձայնությունների բերումով այլևս չի ներքաշվի Ռուսաստանի հետ առճակատման մեջ:

Նա պնդել է նաև, թե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի: