Հայկ Մարտիրոսյանը՝ Եվրոպայի արագ շախմատի առաջնության արծաթե մեդալակիր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյան, լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից

Միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված մրցաշարում հայաստանցի շախմատիստը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ չկրելով ոչ մի պարտություն և 11 հնարավորից վաստակելով 9 միավոր:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը և ոսկե մեդալը 9.5 միավորով նվաճել է գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան՝ Սերբիայից, 9 միավորով երրորդ տեղն է գրավել և բրոնզե մեդալի արժանացել ռումինացի գրոսմայստեր Բոգդան-Դանիել Դեկը:

Հայաստանցի մյուս շախմատիստը՝ միջազգային վարպետ Էմին Օհանյանը, 7 միավորով գրավել է 68-րդ տեղը:

Մեկ ամիս առաջ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի թիմային առաջնությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շախմատի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում