Վատիկանի դատարանը դեկտեմբերի 16-ին 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Վատիկանի կազմակերպչական կառուցվածքում բարձր պաշտոններ զբաղեցրած կարդինալ Ջովանի Անջելո Բեչչուին:
Vatican News պարբերականի փոխանցմամբ, կարդինալին մեղավոր են ճանաչել դրամական միջոցների յուրացման երեք հոդվածներով։
Բեչչուին արգելվում է զբաղեցնել որևէ պետական պաշտոն: Նա տուգանվել է 8 հազար եվրոյով, ինչը հավասար է մոտ 8.7 հազար դոլարի։ Միաժամանակ, դատարանը նրան արդարացրել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վկայի վրա ճնշում բանեցնելու մեղադրանքներով։
Ըստ մեղադրող կողմի, կարդինալ Բեչչուն հավանություն է Լոնդոնի շքեղ թաղամասերից մեկում 2013 և 2014 թվականներին 200 միլիոն դոլարով անշարժ գույք գնելու գործարքներին: Դատարանը դրանք յուրացում է ճանաչել:
Գործով ութ այլ մեղադրյալներ՝ Վատիկանի պաշտոնյաներ, իտալացի գործարարներ, բրոքերներ և խորհրդատուներ, մեղավոր են ճանաչվել ֆինանսական հանցագործությունների կամ իշխանության չարաշահման համար:
Կարդինալ Բեչչուն պնդում է, որ անմեղ է: Նրա փաստաբանը բողոքարկելու է վճիռը: 75-ամյա Բեչչուն առաջին կարդինալն է, ով երբևէ մեղավոր է ճանաչվել Վատիկանի քրեական դատարանի կողմից:
Հոգևորականը ծառայել է որպես Վատիկանի պետքարտուղարի տեղակալ, եղել է պապական նվիրակ (դեսպան) Անգոլայում և Կուբայում և գլխավորել է Սրբերի փառաբանման միաբանությունը, որը զբաղվում է սրբադասման հարցերով։
Որպես կարդինալ՝ նա իրավունք ուներ մասնակցելու Վատիկանի առաջնորդի ընտրություններին և ինքն էլ ժամանակին համարվել է Հռոմի Պապի հավանական թեկնածուներից մեկը: