Երեք ամիս առաջ Արցախից տեղահանված Ալբերտը Վանաձորում սիրել է ամեն ինչ՝ բնությունը լավն է, մարդիկ՝ բարի, բայց չմաքրվող փողոցներին, չդատարկվող աղբանոցներին ու օդում սավառնող տոպրակներին աչքը դեռ չի սովորում։ Ստեփանակերտում ու հարազատ Հադրութում ամեն ինչ ուրիշ էր՝ յուղը թափեիր, կհավաքեիր, ասում է։
«Ես չեմ կարող համեմատել օրինակ՝ Ստեփանակերտի հետ… պիտի հարմարվենք էլի, բայց կեղտը կարելի է մաքրել էլի, խի՞, չի՞ կարելի», - հարցնում է նա։
Վանաձորի բնակիչների ամենամեծ խնդիրները թափառող շներն ու չդատարկվող աղբանոցներն են, որոնք բնակելի շենքերի, դպրոցների ու մանկապարտեզների հարակից վայրերում են կամ իրենց ամենօրյա ճանապարհին։ Եթե անգամ դատարկ են աղբարկղերը, ապա դրանց շրջակայքում ամիսներով կուտակված աղբ է, որի համար բնակիչները պատասխանատուներին, համայնքապետարանն էլ՝ բնակիչներին է մեղադրում։
«Հիմա շները մարդկանցից շատ են, ամեն առավոտ ամեն շան բարանին երկու տոպրակ է, սաղ քաղաքը շաղ են տալիս», - ասաց բնակիչներից մեկը։
«Հիմա որ նայում ես, մի քիչ իրոք հա տանում են, բայց չի երևում, որ տարել են, կողքի աղբը լցված է նույն ձևի», - հավելեց մեկ այլ քաղաքացի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարող է 2-3 շաբաթ չգան». Վանաձորում դժգոհ են աղբահանությունից
Որոշ վայրերում «Ազատությունը» նույնպես արձանագրեց՝ անգամ դատարկ աղբարկղերի կողքին բնակիչները բերում, աղբով լցված տոպրակները արկղերի կողքին էին տեղավորում։ Մի քաղաքացի ասաց՝ հարևան թաղամասից ստիպված է հասցրել այստեղ, քանի որ արդեն մի քանի օր իրենց շրջիկ աղբատար մեքենան չի երևացել։ Ասաց՝ աղբարկղի կողքին է դնում, քանի որ համոզված է՝ սովորական բեռնատարով են տանելու աղբը, աղբարկղի մեջ չի գցում, որ հեշտացնի աշխատողների գործը։
Մեկ ամիս առաջ համայնքապետարանն սկսեց պլաստիկե աղբամաններ տեղադրել համայնքի տարբեր հատվածներում, դրանք ավելի մեծ տարողություն ունեն ու փակ են թափառող կենդանիների համար։
Համայնքապետի մամլո խոսնակ Աստղիկ Ավետիքյանն ասաց՝ հազար աղբաման ունեն՝ մեծ մասը Եվրամիության, մի մասն էլ համայնքապետարանի հաշվին են բերել։ Ասում է՝ կեսն արդեն տեղադրել են ու հատուկ դրանք դատարկելու համար նախատեսված 2 աղբատար մեքենա հանել շահագործման։
«Նախկին թափթփված տեսքը, որ անընդհատ ունենում էինք քամու, թափառող շների և այլնի պատճառով, այս պահին չունենք, որովհետև դրանք փակ են, աղբամանները հարմարեցված են, որ վերևի փոքր անցքից թափվեն, և աղբը չի ցրվում», - ասաց նա։
«Ազատությունը» դրանք, սակայն, քաղաքի միայն մեկ-երկու գլխավոր փողոցներում տեսավ։ Շրջակայքում ապրողներն ասացին՝ փոփոխություն տեսնում են, նոր աղբամանների տարածքում այլևս կուտակվող աղբ չի լինում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի շուկայամերձ փողոցը շարունակում է վճարովի ավտոկայանատեղի լինել
Երկրորդային փողոցների, բակերի ու թափառող կենդանիների հարցերը դեռ ծրագրերում են՝ թղթի վրա, բայց ահա նշում են, որ մինչև ամանոր կավելանա աղբարկղերի թիվն, ու ունեցած ևս երկու մեքենաները կհանեն փողոցներ։ Գարնանն էլ դեռ տարիներ առաջ հաստատված ծրագրով ևս 6 աղբատար ու մեկ մաքրող մեքենա կհասնի Վանաձոր։ Թե որքանով կլուծվի համայնքի այսքան չարչրկված խնդիրը, վանաձորցիները դեռ գլուխ չեն հանում։
«Ոչ մի ավագանի, ոչ մի պաշտոնյա, ոչ մեկն էլ չի գալիս, դե թող գային, մի հատ հարցնեին՝ ինչ բողոք ունեք, ինչ պահանջ, ընտրություների ժամանակ գալիս են, ոսկե սարեր խոստանում, հետո ոչ մի բան էլ չեն անում», - ասաց բնակիչներից մեկը։
Երկու շաբաթ առաջ համայնքի ավագանին որոշեց տուգանել՝ քաղաքացիներին 50 հազար, իսկ կազմակերպություններին՝ կրկնակի՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար։ Դեռ պարզ չէ՝ ինչպես կգործի որոշումը, երբ վանաձորցիները դեռ մաքուր փողոցներ չունեն, կուտակված աղբից էլ համայնքը չի ազատվում։