Բաքուն մերժում է զորքերը հայելային ետ քաշելու՝ Երևանի առաջարկը

Բաքուն մերժում է Հայաստանի հետ սահմանից զորքերը հայելային ետ քաշելու՝ Երևանի առաջարկը: «Կարճ կպատասխանեմ՝ ես համաձայն չեմ Հայաստանի արտգործնախարարի հետ», - այսօր՝ թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ավելին, Բայրամովը պնդել է, թե ադրբեջանական զորքն այս պահին էլ կանգնած է իր տարածքում, փաստացի հերքելով Հայաստանից տարածքներ գրավելու մասին՝ Երևանից հնչող հայտարարությունները։

«Հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, դա բավականին բարդ հարց է։ Եթե զորքերը հետ քաշվեն՝ առանց ամբողջական համաձայնության, ով կարող է երաշխավորել, որ կողմերից մեկը կրկին դիրքեր չի գրավի։ Այսօր ադրբեջանական բանակը պաշտպանում է Ադրբեջանի սահմանները, ինչը տրամաբանական է։ Ադրբեջանական բանակը այդ սահմաններին է հասել ոչ թե ինչ-որ մեկի բարի կամքով կամ հրավերով, այլ՝ ազատագրել է իր տարածքները 30 տարվա արյունահեղությունից հետո և այսօր կանգնած է սահմանին», - ասել է Բայրամովը։

Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, խոսելով Ադրբեջանի հետ քննարկվող վստահության ապահովման նոր քայլերից, հայտարարեց՝ Երևանը հույս ունի՝ Բաքվի հետ համաձայնության գալ նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում:

Հայաստանը զորքերի հայելային հետքաշումն իբրև սահմանային լարվածությունը թուլացնելու տարբերակ առաջարկել էր 2021-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հույս ունի՝ Բաքվի հետ համաձայնության գալ նաև հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հետքաշման հարցում. Միրզոյան