ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելը Հայաստանի շահերից չի բխում, այս մասին այսօր հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ի պատասխան Մոսկվայի գլխավորած կազմակերպությունների հավաքներին Հայաստանի իշխանությունների բացակայությունների մասին հարցին։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ հավելեց՝ «վերջին հաշվով դա պետության ընտրությունն է»։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի «բացակայությունները պայմանավորված են հայաստանյան գործընթացների հետ և կապված չեն այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը չշարունակելու հետ»։
«Հայաստանում խրթին գործընթացներ են տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ Մենք հասկանում ենք այդ ամենը, բայց մենք չէ, որ հրաժարվել ենք Ղարաբաղից, Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է հանդիսանում», - հերթական անգամ հայտարարեց Պուտինը՝ պնդելով, որ Երևանն իր այդ նախաձեռնության մասին նույնիսկ չէր տեղեկացրել Մոսկվային։
Ռուսաստանի նախագահն այս մասին խոսել է տարեկան ասուլիսի ընթացքում, որի ժամանակ բացի լրագրողներից Պուտինին հարցեր են ուղղել նաև քաղաքացիները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը ՍկոպյեումՊատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասնի իր նպատակներին,. Պուտին
Մոտ չորս ժամ տևած այս հարցուպատասխանն առաջինն է՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր, և տեղի է ունենում հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, որին հերթական անգամ մասնակցելու մտադրության մասին Ռուսաստանի երկարամյա առաջնորդը հայտարարել է անցած շաբաթ։
Երեկ ռուսաստանյան դաշնային «Առաջին ալիքը», պատմելով Պուտինի մասնակցությամբ «ուղիղ գծի» նախապատրաստական աշխատանքների մասին, պատահաբար եթեր էր հեռարձակել «անհարմար» մի շարք հարցեր, որոնք ասուլիսի դահլիճի էկրաններին էին․ «ինչո՞ւ պետք է 300 հազար մարդ ծառայի ամբողջ երկրի փոխարեն», «ե՞րբ է ավարտվելու պատերազմը, ե՞րբ է խաղաղություն լինելու, ե՞րբ են սկսվելու խաղաղության բանակցությունները»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ամենալայնածավալ ռազմական հակամարտությունը, որի հետևանքով, տարբեր հաշվարկներով, 300 հազար ռուսաստանցի տղամարդ է զոհվել կամ վիրավորվել, ըստ Պուտինի, կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան հասնի իր նպատակներին, արդեն ուղիղ եթերում այսօր հայտարարեց Կրեմլի ղեկավարը։
«Այդ նպատակները չեն փոխվել՝ Ուկրաինայի ապառազմականացում, չեզոք կարգավիճակ, դենացիֆիկացիա։ Ինչ վերաբերում է ապառազմականացմանը, եթե նրանք չեն ուզում պայմանավորվել, ապա մենք ստիպված ենք այլ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ռազմական կամ կպայմանավորվենք որոշակի պայմանների շուրջ, ի դեպ, մենք դրա շուրջ պայմանավորվել էինք Ստամբուլում կայացած բանակցություններում։ Բայց հետո այդ պայմանավորվածությունները չեղարկվեցին։ Այլ հնարավորություններ էլ կան՝ կա՛մ համաձայնության գալ, կա՛մ ուժով լուծել, սրան ենք ձգտելու», - նշեց Պուտինը
Ինչ նկատի ունի այլ հնարավորություններ ասելով բանակցություններից և պատերազմից բացի, Պուտինը չհստակեցրեց։
Ռուսաստանցիներին ամենահուզող հարցերից մեկի՝ երկրից միլիոնավոր մարդկանց փախուստի, այդ թվում՝ աշխատունակ տարիքի տղամարդկանց հեռացման պատճառ դարձած մոբիլիզացիայի մասին․ արդյո՞ք սպասվում է նոր ալիք։
Նախագահ Պուտինն ասաց՝ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, նրա խոսքերով՝ ռազմաճակատում այդ բացը լրացնում են
« բազմաթիվ կամավորներ, որոնք հրաշալի կռվում են»։
«Մենք արդեն հավաքագրել ենք 486 հազար պայմանագրային զինծառայող», - նշեց ՌԴ նախագահը՝ հավելելով, - «և տղամարդկանց հոսքը, ովքեր պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել իրենց հայրենիքը, չի դադարում. օրական մեկուկես հազար մարդ․ կես միլիոն զինվորական՝ ռազմաճակատում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում այն քաղաքացիները, որոնց արգելված է լքել երկիրը, պարտավորվում են հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերըՊուտինը հայտարարում է՝ Մոսկվան պատրաստ է շփումների թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի հետ
ՏԱՍՍ-ի թղթակիցը Ռուսաստանի առաջնորդին հարցրեց՝ Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորում ուրվագծվո՞ւմ է։
«Դա միայն մեզնից չէ կախված», - ասաց Պուտինը՝ հնչեցնելով հարցի վերաբերյալ իր ավանդական պատասխանը․ - «Մենք չենք փչացրել հարաբերությունները, մեզ փորձել են երկրորդ-երրորդ պլան մղել՝ արհամարհելով մեր շահերը»։
Ռուսաստանի նախագահն այսօր էլ պնդեց՝ Ուկրաինայում պատերազմը հրահրել են արևմտյան քաղաքական ուժերը։ Կրեմլի ղեկավարն այդուհանդերձ հայտարարեց՝ Մոսկվան պատրաստ է շփումների թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի հետ։
Չնայած Արևմուտքի կողմից ցավոտ պատժամիջոցներին, որոնք Ուկրաինայում շարունակվող ավերիչ պատերազմին զուգահեռ է՛լ ավելի են խստացվում՝ Կրեմլի ղեկավարն այդուհանդերձ պնդեց՝ ռուսաստանյան տնտեսական ցուցանիշները գոհացնում են։
«Ռուսաստանի տնտեսությունը կայուն է և զարգանում է»
Արևմուտքից մեկուսացած ռուսաստանյան տնտեսության մասին խոսելիս Պուտինը միշտ է բարենպաստ պատկեր ներկայացնում՝ պատժամիջոցները չեն ազդել, Ռուսաստանի տնտեսությունը կայուն է և զարգանում է։
«Ամենակարևոր ցուցանիշը տնտեսական աճն է, ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ սպասվում է 3,5 տոկոս, սա լավ ցուցանիշ է, նշանակում է, որ մենք վերականգնվել ենք անցյալ տարվա աշնանից և համեմատաբար լուրջ քայլ ենք կատարել», - ասաց Ռուսաստանի ղեկավարը։
Տնտեսագետները այս կանխատեսումը չափազանց լավատեսական են համարում։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, Ռուսաստանում ընդամենը 2,2 տոկոս տնտեսական աճ է նշմարվում, իսկ հաջորդ տարի այն կնվազի մինչև 1,1 տոկոս։
Մասնագետները ռուսաստանյան տնտեսության կայունության պարզ բացատրություն ունեն՝ շռայլ ռազմական ծախսեր, ինչի շնորհիվ արդյունաբերությունը աճում է։
Զուգահեռաբար, սակայն, նաև գներն են աճում այդ երկրում․ այս տարի գնաճը հասել է մինչև ութ տոկոսի։ Խուճապային իրավիճակ է հատկապես ռուսաստանյան ձվի շուկայում․ խնդիրն այն աստիճան է սրվել, որ Կրեմլի ղեկավարը աննախադեպ քայլի դիմեց՝ ուղիղ եթերում ներողություն խնդրելով զանգվածային դժգոհություն հարուցած ձվի 25 տոկոսով թանկացման համար։
Պաշտոնապես չի մեկնաբանվել, թե որն է այս թանկացման պատճառը, ըստ որոշ տնտեսագետների խնդիրը գյուղատնտեսության աշխատողների թվի նվազում են․ աշխատանքային միգրանտները հեռանում են, տեղացիները մոբիլիզացվում կամ նախընտրելով ավելի բարձր աշխատավարձ՝ աշխատանքի են անցնում ռազմաարդյունաբերական ոլորտում։