Թուրքիայի ֆուտբոլային բոլոր խաղերը դադարեցվել են մրցավարի վրա կատարված հարձակման հետևանքով

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցվում են Թուրքիայի ֆուտբոլի լիգաների բոլոր խաղերը՝ մրցավարի վրա կատարված հարձակման հետևանքով։

Միջադեպը տեղի է ունեցել Անկարայում երկուշաբթի երեկոյան։ Սուպերլիգայի տնային խաղում «Անկարագյուջուն» ընդունել էր «Ռիզեսփորին»։ Հանդիպման ավարտին՝ 97-րդ րոպեին «Ռիզեսփորը» գոլ է խփել և հավասարեցրել հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Անկարայի ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոչան դաշտ է մտել և հարվածել մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։ Ակումբի նախագահի հետ դաշտ մտած ևս երկու հոգի, ինչպես նաև երկրպագուներ սկսել են ոտքերով հարվածել գետնին ընկած մրցավարին։

Մրցավարը հիվանդանոցում է, «Անկարագյուջուի» նախագահը՝ ձերբակալված։ Այս արարքը դատապարտել են սպորտի ներկայացուցիչները, ՖԻՖԱ-ի նախագահը, Թուրքիայի քաղաքական գործիչներ։ Երկրի նախագահ Ռեջեփ Էրղողանը X սոցցանցում գրել է, որ սպորտը անհամատեղելի է բռնության հետ։

«Մենք երբեք թույլ չենք տա, որ թուրքական սպորտում բռնություն տեղի ունենա», - գրել է Էրդողանը, ով երիտասարդ տարիքում ֆուտբոլ է խաղացել, բայց ֆուտբոլում առանձնապես հաջողություն չի ունեցել։