Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանն անտրամաբանական է համարում խաղաղության պայմանագրի կնքմանը զուգահեռ ռևանշի մասին մտածելը։
«Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու։ Եթե պետք ռևանշ լինի, ապա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր», - ասաց նա։
Մինչդեռ Բաքուն ամենաբարձր մակարդակով պնդում է՝ Հայաստանը պետք է երաշխիքներ տա, որ ռևանշիզիմի փորձեր չեն լինի, և ինչպես օրեր առաջ Իլհամ Ալիևն էր հայտարարել, հայերը պետք է մոռանան Լեռնային Ղարաբաղի Հանրապեության պատմության մասին։
Ավելի ուշ Միլի մեջլիսի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Բաբաօղլուն էր փակագծեր բացել, թե Հայաստանը խաղաղության պայմանագրում պետք է ինքնուրույն հրաժարվի ռևանշից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքուն պահանջում է Երևանի կողմից ռևանշիզմի փորձերի բացառում». ԱլիևԱրդյո՞ք խաղաղության պայմանագրի բանակցություններում քննարկվում է ռևանշից հրաժարվելուց հարցը, ինչ է դա կոնկրետ ենթադրում, և արդյո՞ք հնարավոր է նմանօրինակ մի ձևակերպում տեղ գտնի պայմանագրի տեքստում, ինչի մասին պնդում է Բաքուն։ Հայաստանի արտգործնախարարությունից պարզաբանում ստանալ դեռ չի հաջողվել։ Պայմանագրի նախագծի տեքստը, որն արդեն վեց անգամ փոխանակել են կողմերը, մինչև օրս չի հրապարակվել։
Եթե որոշել ենք Հայաստանը վերացնել, եկեք խոսենք ռևանշի մասին. Գևորգ Պապոյան
«Եթե Հայաստանը հայտարարի, որ ինքը ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելու», - ասում է Գևորգ Պապոյանը։
Իշխանական պատգամավորը վստահեցնում է՝ իրենց պատկերացրած խաղաղությունը ռևանշ չի ենթադրում։ Միաժամանակ 2021-ից 2022 թվականներին Հայաստանի օկուպացված տարածքները ետ բերելը Գևորգ Պապոյանը ռևանշ չի համարում. - «Եթե որոշել ենք Հայաստանը վերացնենք, Հայաստանի Հանրապետություն չլինի, եկեք խոսենք ռևանշի մասին»։
Հարցին, թե 150 կմ օկուպացված տարածքները հետ բերելը ռևանշ կլինի՞, նա պատասխանեց. - «Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքներ են, դա ռևանշ չի, դա ուրիշ բան է, դա ՀՀ տարածք է։ Խաղաղության պայմանագիրը նաև այդպիսի հարցերի պիտի պատասխանի»։
Ադրբեջանը Հայաստանի ցանկացած քայլ կարող է դիտարկել որպես ռևաշինզմ. ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ Ադրբեջանը Հայաստանի ցանկացած քայլ կարող է դիտարկել որպես ռևաշինզմ ու դա որպես պատրվակ օգտագործելով հարձակվել Հայաստանի վրա։
«Այսինքն՝ ինքը վաղը կարող է ասի՝ այդ «Բաստիոն» զրահամեքենաները, որ Հայաստանը Ֆրանսիայից գնում է, կարող է դա դիտարկի որպես ռևանշի ձգտում և հերթական հարձակումը գործի Հայաստանի վրա, այսինքն՝ Ալիևը այս «խաղաղության» պայմանագրի մեջ դնում է դրվագներ, որը կարող է յուրովի մեկնաբանել, և այս «խաղաղության» պայմանագիրը Ադրբեջանին հնարավորություն տա Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար», - ասաց նա։
Վստահեցնելով, թե ռևանշ չի լինելու՝ ինչպե՞ս է իշխանությունը պատկերացնում 100 հազարից ավելի արցախցիների ճակատագիրը, ովքեր ցանկանում են իրենց հայրենիքում անվտանգ ապրել։
«Ազատության» հարցին, թե բանակցություններ տարվո՞ւմ են, որպեզի անվտանգային երաշխիքներ տրամադրվեն այդ մարդկանց, Պապոյանն ասաց. - «Խաղաղութան պայմանագիր եթե կնքվի, պիտի ենթադրի այդ անվտանգաին երաշխիքները, եթե չի ենթադրելու, էլ ինչ խաղաղության պայմանագիր։ Միջավայրի մասին որ խոսում ենք, այդ միջավայրը այդպիսի հնարավորություն պետք է տա, մնացած հարցերը արդեն այդ մարդիկ պետք է որոշեն, ոնց որ իրենք որոշել են, որ պիտի գան, իրենք նույն տրամաբանությամբ էլ պիտի... անվտանգության երաշխիքներ առաջին հերթին պետք է տանք Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ երեք միլիոն քաղաքացուն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «թուրք-ադրբեջանական պարտադրանք»Օրերս խորհրդարանում Արցախի ապագայի մասին հարցին պատասխանելիս վարչապետը Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է և Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդումը։