Այսօր Բրյուսելում մեկնարկում է Եվրոպական միության նախաձեռնած «Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովը:
Համաժողովում նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն արդեն Բրյուսելում է, մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
«Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ», - հանդիպման մեկնարկին ասել է Միրզոյանը։
Ըստ ԵՄ հաղորդագրության՝ նախքան խորհրդի հանդիպումը Բորելը ոչ պաշտոնական նախաճաշ է ունեցել Միրզոյանի հետ։
Հայաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա Բրյուսելում, սակայն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններ կամ հանդիպում չի նախատեսվում:
Բաքուն իր հերթին ևս հաղորդել է, որ Բրյուսելում Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպում նախատեսված չէ։
«Արևելյան գործընկերության» արտաքին գործերի նախարարների համաժողովին կմասնակցեն ծրագրին անդամակցող վեց պետություններից հինգի՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերտատեսչությունների ղեկավարները:
Նշվում է որ Բորելը մտքերի ոչ պաշտոնական փոխանակում կունենա նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Պատժամիջոցների ենթարկված Բելառուսը վերջին տարիներին հրավերներ չի ստանում և չի մասնակցում այս հանդիպումներին:
Նախարարներն այսօր կարծիքներ կփոխանակեն «Արևելյան գործընկերության» ծրագրերի իրականացման վերաբերյալ, կքննարկեն կատարած աշխատանքները և 2024 թվականի առաջնահերթությունները:
Նախարարներին ուղերձներով կդիմեն նաև «Արևելյան գործընկերության» Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵՄ «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների համաժողովը