Մետրո նստելու տեսանյութի հրապարակումից՝ բիզնես էջերի վարում. բլոգեր Աշոտը

Մետրո ոտք չէր դրել, որովհետև մի քիչ դանդաղ ու մի քիչ էլ դժվարությամբ է քայում՝ մանկական ուղեղային կաթվածով է ծնվել: Բա որ չկարողանա իջնել աստիճանները, բա որ քայլակով չկարողանա գնացք մտնել ...

16-ամյա Աշոտն իր այս վախերը հաղթահարել է այս տարի՝ ընկերոջ օգնությամբ: Մետրո նստելու այդ հաջողված փորձն ընկերը նկարահանել է սկզբից մինչև վերջ, հետո Աշոտը դա հրապարակել է Ինստագրամի իր էջում ու սկսել բլոգերի առաջին քայլերը:

Ինչպես շփվել հաշմանդամություն ունեցող մարդու հետ, ինչպես աջակցել ու չխղճալ, ինչու կլորացրած աչքերով չնայել ու ավելորդ ինչ հարցեր չտալ, ինչ անեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, որ հեշտ ինտեգրվեն... այս թեմաներով կարճ տեսահոլովակները սկսեցին իրար հերթ չտալով տեղ գտնել Աշոտի էջում: Հաճախ՝ համեմված հումորով, ու ամեն ինչ՝ սեփական փորձով:

Աբովյանցի Աշոտը դպրոցի դասերին հեռավար է մասնակցում, որովհետև ոտքի ձգված նյարդերը թուլացնելու երկրորդ վիրահատությունից հետո 8 ամիս ամենօրյա գրաֆիկով պետք է վերականգնողական կենտրոնում պարապմունքներ անցնի: Մինչև վիրահատությունը քայլում էր ծալված ծնկներով, հիմա արդեն ավելի ուղիղ է քայլքը՝ մկանները համեմատաբար բացվել են:

Ընդամենը մեկ տարի սոցցանցային մարքեթինգի՝ SMM-ի կուրսեր անցնելուց հետո Աշոտն արդեն իր 4-հոգանոց թիմով ինստագրամյան տարբեր բիզնես էջեր է վարում: Գործատուին՝ բիզնեսի ճանաչում, իրենց՝ լավ աշխատավարձ ապահովող բլոգինգով նա մանկուց է տարվել:

Համագործակցության առաջարկների պակաս չունի, բայց նորերն էլ սիրով կընդունի:

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Your browser doesn’t support HTML5

Մետրո նստելու տեսանյութի հրապարակումից՝ բիզնես էջերի վարում. Բլոգեր Աշոտը