Երեկվա հայտարարությունը երկկողմ բանակցությունների արդյունք է․ Խանդանյան

Երեկվա հայտարարությունն արդյունք է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև տեղի ունեցած բանակցությունների, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Ճշտող հարցին, թե բանակցությունները տեղի են ունեցել երկկո՞ղմ ձևաչափով, պատգամավորը պատասխանեց․ - «Այո՛, հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, այդ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք երկկողմ ձևաչափով բանակցությունների հիմքը դրվեց, իշխանական պատգամավորը պատասխանեց․ - «Հարցը հումանիտար խնդրի է վերաբերվում, շատ զգայուն հարցի՝ գերիների վերադարձի հարցին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք և հնարավորություն է առաջացել հարցն այս ձևաչափում բանակցել և լուծել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ Բաքվից. Երևանը դեռ չի արձագանքում

Խանդանյանը խորհուրդ տվեց չթերագնահատել ու չգերագնահատել այս հայտարարությունն՝ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։

«Այն, ինչ Հայաստանն ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենա այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում, և Հայաստանը հորդորում է նաև միջնորդ կողմերին՝ ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են», - ասաց իշխանական պատգամավորը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը. դրա մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը

Հարցին, թե ե՞րբ գերիները կվերադառնան Հայաստանը, պատգամավորը հստակ ժամկետներ չնշեց՝ հավելելով․ - «Դա պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում. ժամերի կամ օրերի հարց է»։

Երեկ Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն «առաջնորդվել են մարդասիրական արժեքներով»։

Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, թե երեկ հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունը, «առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը»։

Թե հետագա ինչ քայլերի մասին է խոսքը, չի հաղորդվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը ողջունում է կալանավորվածների ազատ արձակման վերաբերյալ Երևանի և Բաքվի երեկվա համատեղ հայտարարությունը