Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե արևմտյան պատժամիջոցները և տնտեսական մեկուսացումը միայն նպաստել են Դաշնությանը համաշխարհային նոր կենտրոն դառնալու հարցում:
Այդ մասին նա խոսել է «Ռուսաստանն է կանչում» նշանաբանով Մոսկվայում տեղի ունեցած համաժողովում, որին մասնակցում են գործարար շրջանակների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:
«Ավելին կասեմ, արևմտյան ֆինանսական համակարգն ակնհայտորեն հնանում է տեխնոլոգիաների առումով: Նրանք հանգչել են դափնիների վրա, ընտելացել մենաշնորհին ու բացառիկությանը, իրական այլընտրանքների բացակայությանը, ոչինչ չփոխելու սովորությանը»,- նշել է Պուտինը:
Նրա հավաստիացմամբ՝ 2022 թվականին Ռուսաստանում տնտեսության 2.1 տոկոսի անկում է գրանցվել, մինչդեռ 2023-ին՝ 3.5 տոկոսի աճ:
Միաժամանակ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը զարգացնելու հարցում դեռ կա անելիք: