Դաշնային խորհուրդն ընդունեց ՌԴ նախագահական ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, 2017թ․

Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօրվա նիստում ընդունել է Ռուսաստանի նախագահական ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու որոշումը։

Ըստ խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ փաստացի, այս որոշումով տրվում է նախընտրական արշավի մեկնարկը։

Երեկ ՌԴ սահմանադրական օրենսդրության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասն ասել էր՝ որոշել են չհետաձգել ընտրությունները մարտի 17-ին անցկացնելու հարցի քննարկումը, որոշման նախագիծն արդեն պատրաստել են, այն կքննարկվի դեկտեմբերի 7-ի նիստում։

Խորհրդարանի վերին պալատի այս որոշումից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։

Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։ Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է հույս հայտնել, որ Պուտինը կառաջադրի իր թեկնածությունն ու վստահություն հայտնել, որ կհաղթի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկովը համոզված է՝ եթե Պուտինն առաջադրվի, անպայման կհաղթի