Հեղափոխությունից ի վեր մարդկանց ամենամեծ ակնկալիքները՝ արդարության և կոռուպցիայի վերացման վերաբերյալ, իրականացված չեն. վարչապետ

Հեղափոխությունից ի վեր մարդկանց ամենամեծ ակնկալիքները՝ արդարության և կոռուպցիայի վերացման վերաբերյալ, իրականացված չեն, այսօր խորհրդարանում բյուջեի ամփոփիչ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելութն ամբողջությամբ նվիրելով այդ թեմային:

«Ես հավատում եմ և տեսնում եմ, որ մեծ ջանքեր են գործադրվում, բայց և Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում», - ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց՝ 2018-ի հեղափոխությունից հետո չգնացին վենդետաների ճանապարհով, հիմա էլ վստահ է՝ արդարադատությունը պետք է ինստիտուցիոնալ լինի։ Այդ նպատակի համար դատական համակարգի, դատախազության, Քննչական կոմիտեի ֆինանսավորումը վերջին հինգ տարում առնվազն կրկնապատկել են, հաջորդ տարվա բյուջեում ևս այդ միտումները կընդգծվեն:

«Այն ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել: Հակառակ դեպքում՝ մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը: Սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլև պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է», - նշեց նա:

Հանրության ընկալումը, ըստ Փաշինյանի, օբյեկիտիվ պատճառներ ունի։ Դրանցից մեկը նշեց՝ աղմկահարույց ձերբակալություններն ու մի քանի օր անց ձերբակալվածներին անաղմուկ ազատ արձակելը:

Փաշինյանն ասաց՝ օրենսդրական փոփոխություններ ևս կանեն, որ զեկույցները ոչ թե ընթացն այլ արդյունքն արտացոլեն:
Ըստ նրա՝ լուրջ խնդիրներ կան նաև դատական համակարգում՝ դատավարություններ կան, որ ձգվում են անվերջ հիմնականում ամբաստանյալների ջանքերով: Թեև անուններ չտվեց, սակայն աղմկահարույց դատավարություններից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է տարիներ ձգվում:

Արդարադատության անխուսափելիության բացակայությունը տեղ է տալիս նաև կոռուպցիայի համար. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2019 թվականին դատարանները շրջափակելու իր հրահանգին, որ բուռն քննադատության էր արժանացել՝ համարվելով միջամտություն դատական իշխանությանը:

«Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ: Իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել ենք արդարադատության դռները բացելու համար: Բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն», - շեշտեց նա:

Ըստ վարչապետի՝ արդարադատության անխուսափելիության բացակայությունը տեղ է տալիս նաև կոռուպցիայի համար, վստահեցրեց՝ պայքարելու կամք ունեն։

Նաև կառավարության և իշխանության ներկայացուցիչների վարքն է նպաստում հանրության մեջ կարծիքի ձևավորմանը. Սոնա Այվազյան



«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասում է՝ ոչ միայն արդարադատություն իրականացնող մարմինների աշխատանքն է նպաստում հանրության մեջ կարծիքի ձևավորմանը, այլև կառավարության և իշխանության ներկայացուցիչների վարքը:

«Ամենօրյա վարքագծով մարդիկ հաճախ փոքրիկ դրվագներով կարող են վարկաբեկվելու մեծ հիմքեր ստեղծեն իրականում։ Երեկվա դրվագում, օրինակ, ԱԺ պատգամավորի մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմնի ավագանու նիստին բավականին ոչ օրինակելի վարքագիծ էր, այսինքն՝ նմանատիպ բաներ պիտի բացառվեն, արժանանան համապատասխան քաղաքական գնահատականի։ Եթե դրանք չեն արժանանում համապատասխան գնահատականի, ապա դրան վերջ չի կարող լինել, ճիշտ չի ամբողջը գցել միայն արադարադատություն իրականացնող մարմինների վրա», - ասաց նա։

Իսկ ի՞նչն էր խանգարում, որ մինչև հիմա կոռուպցիայի դեմ պայքարը և ապօրինի ունեցվածքը պետությանը վերադարձնելու խոստումներն իրականացվեին, ըստ Սոնա Այվազյանի՝ Հայաստանը ոչ օրենսդրությամբ, ոչ կադրերով պատրաստ չէր, գուցե համակարգի ներսում կար սաբոտաժ, կար գուցե որոշ դանդաղկոտություն, բայց գործընթացը ևս ժամանակատար և բարդ է. - «Լիարժեք պատկերացում էլ չունի հասարակությունը նաև օրինակ, թե ինչ է ենթադրում ինչ-որ մեկի ապօրինի գույքի հետևից գնալը կամ ապօրինի հարստացման հետևից գնալը, որ այդքան հեշտ չի, միայն դա ասեկոսեներով չես կարող ասել, որ այս ամեկը թալանչի է»։

Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 2022 թվականին 3 միավորով նահանջել էր՝ երկու տարվա լճացումից հետո՝ 2021-ի 58-ի փոխարեն հայտնվելով 63-րդ տեղում: