Հայաստանը այս պահին, թվում է, թե պատրաստ է ընդունել Ադրբեջանի հինգ սկզբունքները, եթե երեք տարի առաջ համաձայնեին «հակաահաբեկչական գործողության» կարիք չէր լինի, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Իլհամ Ալիևը դժգոհել է, թե Երևանն ու Բաքուն հինգ-վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակել՝ վեց-յոթ էջանոց փաստաթուղթ, բայց վերջին անգամ 70 օր պահանջվեց Երևանից՝ Բաքվին պատասխանելու համար։
«Սա ցույց է տալիս, որ խաղաղությունը ձգձգողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Հայաստանը։ Չգիտեմ՝ ինչու էին ուշացնում, միգուցե իրենց որոշումն էր, միգուցե իրենց եվրոպական մայրաքաղաքների, ընկերների խորհուրդն էր, չեմ կարող ասել, միայն ենթադրություններ ունեմ։ Հիմա մեր արտգործնախարարությունն ուսումնասիրում է այդ առաջարկները ու կպատասխանի։ Դրանից հետո պատշաճ կլինի, որ արտգործնախարարները հանդիպեն», - ասել է Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկըՆրա խոսքով՝ Բաքուն և Երևանը դեռ մոտ չեն կոնսենսուսին, բայց բազմաթիվ կարևոր խնդիրներ, որոնց վրա կենտրոնանում էր հայկական կողմը, այլևս գոյություն չունեն։
«Հույս ունեմ, որ երկար ժամանակ չի պահանջվի՝ համաձայնության գալու համար։ Բայց մի դիտարկում անեմ՝ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը։ Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, և գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի», - ասել է Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով․ ՓաշինյանԱլիևն ասել է, որ Բաքուն պետք է հստակ, ամուր երաշխիքներ ունենա, որ «ռևանշիզմ» չի լինի Հայաստանի կողմից։
«Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում և շատ լավ գիտենք, որ եվրոպական մայրաքաղաքներում Հայաստանը շատ վատ խորհրդատուներ ունի», - ասել է Ադրբեջանի նախագահն՝ առանց հիշատակելու այդ մայրաքաղաքների անունները։
«Ինձ թվում է, որ բոլորը հասկանում են, թե ում նկատի ունեմ։ Մինչև հիմա սադրիչ խորհուրդներ են տվել, բայց չենք բացառում, որ դրանք կդառնանք դեստրուկտիվ խորհուրդներ, դրա համար մենք պետք է երաշխիք ունենանք, որ երկու երկրների միջև այլևս պատերազմ չի լինի և Հայաստանը ամբողջովին ընդունում է ստեղծված իրավիճակը», - ասել է Ալիևը՝ շեշտելով․ - «Այն, ինչ ասում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իրապես դա նկատի ունենք՝ նրանք պետք է մոռանան նախկին «Լեռնային Ղարաբաղի հանրապետության» մասին, կոնստրուկտիվ լինեն սահմանի սահմանազատման հարցում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ Փաշինյան