Հայաստանում 2024-ի պետական բյուջեի փոփոխված նախագծով պաշտպանության նախարարության գծով ծախսերը կկազմեն 554 միլիարդ դրամ՝ 7 տոկոսով գերազանցելով 2023-ի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Արդյունքում՝ 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5, 3 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ նվազելով 0, 3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ սեպտեմբերի 19-ից հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր 47,3 մլրդ դրամի չափով։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2024-ի բյուջեով կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը՝ միաժամանակ վստահեցնելով՝ սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության։
Ըստ վարչապետի՝ քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «ստիպված է ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտությունից հետո Հայաստանից վտանգ են տեսնում»։
Նա Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարների զենք գնում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում կողմերի անվստահության պատճառով»․ Փաշինյան