Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության լրագրող Այգյուն Հասանովային արգելվել է մուտքը Նոր Կալեդոնիա: Ավելին՝ լրագրողուհին ձերբակալվել է մեկ օրով և արտաքսվել որպես «անցանկալի անձ»:
Գործակալությունը պնդում է, որ Հասանովային թույլ չեն տվել Նոր Կալեդոնիա մուտք գործել հենց այն պատճառով, որ նա ժամանել էր Բաքվից, «քանի որ ֆրանսիական պետությունը բոլոր միջոցներով ջանում է սահմանափակել Նոր Կալեդոնիայում և Ֆրանսիայի այլ գաղութներում հանուն ազատության և անկախության պայքարի վերաբերյալ փաստերի տարածումը»: «Հենց այդ պատճառով մեր աշխատակցին արգելվել է մուտքը Նոր Կալեդոնիա դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի նախաշեմին», - պնդում է «Ազերթաջ»-ը՝ չնայած Նոր Կալեդոնիայի ոստիկանության պարզաբանմանը, որ երկիր մուտք գործելու համար հատուկ վիզա է պահանջվում, մինչդեռ ադրբեջանցի լրագրողուհին ունեցել է Շենգենյան գոտու վիզա:
«Սա գաղութատիրական քաղաքականությունից չհրաժարվող Ֆրանսիայի նենգ մտադրությունների ևս մեկ դրսևորում է», - ասված է հայտարարությունում:
Ադրբեջանական գործակալությունը հայտարարում է, թե Ֆրանսիան, սահմանափակումներ մտցնելով իր լրագրողի նկատմամբ, «ակնառու կերպով ցույց տվեց իր իրական թշնամական վերաբերմունքը մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ»:
Նոր Կալեդոնիան կամ Ֆրանսիան միջադեպը չեն մեկնաբանել:
Նոր Կալեդոնիան հատուկ ֆրանսիական համայնք է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում:
Պաշտոնական Բաքուն վերջին ամիսներին Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում պարբերաբար հիշատակում է «ֆրանսիական գաղութատիրությունը», տարբեր միջոցառումներ նախաձեռնում այդ թեմայով: