Ադրբեջանում ձերբակալվել է ակտիվիստ Իլհամիզ Գուլիևը, Meydan TV-ի փոխանցմամբ, ակտիվիստը բերման է ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։
Գուլիևի հարազատները լրատվամիջոցին պատմել են, որ ձերբակալության ժամանակ նա բռնության է ենթարկվել, գլխին հարվածներ են հասցվել։
Գուլիևի դեմ քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածով, նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։
Անցած հոկտեմբերին, Իլհամիզ Գուլիևը 30 օրով կալանավորվել էր՝ «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքով։
Ակտիվիստը բերման էր ենթարկվել Abzas Media-ին տված հարցազրույցից հետո, որում նա խոսում էր այն մասին, թե ինչպես է ոստիկանությունը թմրանյութերի օգտագործման մեղադրանքներ առաջադրում քաղաքական ձերբակալությունների դեպքում:
Meydan TV-ն նշում է, որ Գուլիևի ձայնն այդ հարցազրույցում հատուկ ծրագրով փոխված էր, այդուհանդերձ ՆԳՆ փորձագետները պարզել են նրա ինքնությունը։
Վերջին օրերին ձերբակալվել, ապա 3-4 ամսով կալանավորվել են Abzas Media-ի չորս աշխատակիցներ, նրանք մեղադրվում են արտարժույթի մաքսանենգության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում նոր բռնաճնշումներ անկախ մնացած լրատվամիջոցի դեմ՝ մեղադրանքներ, խուզարկություններ, ձերբակալություններ