Ավելի քան մեկ տարվա դադարից հետո ԱՄՆ-ն Ադրբեջանում նոր դեսպան ունի

Ավելի քան մեկ տարվա դադարից հետո Միացյալ Նահանգներն Ադրբեջանում նոր դեսպան ունի։ Մարկ Լիբբին Բաքու է ժամանել շաբաթ օրն ուշ երեկոյան և մամուլի համար հանդես եկել ադրբեջաներեն կարճ հայտարարությամբ։

«Անհամբեր սպասում եմ իմ հավատարմագրերը հանձնելու հնարավորությանը և սկսելու աշխատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ: Նաև ուզում եմ ավելի լավ ճանաչել ձեր գեղեցիկ երկիրը։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- հայտարարել է Բաքվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության նորանշանակ ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին ժամանել է Բաքու

Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Սա կլինի նրան դեսպանի պաշտոնում առաջին նշանակումը։

Ամերիկացի դիվանագետը դեսպանի պաշտոնը ստանձնում է Բաքվի և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունների պայմաններում։

Ադրբեջանի իշխանությունները կոշտ քննադատություն,մեղադրանքներ են հնչեցնում Վաշինգտոնի հասցեին այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայանը հայտարարեց, թե Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակումից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Դիվանագետը նշել էր նաև, թե հենց այդ պատճառով չեղարկել են մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Նույն օրը ԱՄՆ Սենատն ընդունեց նաև հայերի պաշտպանության ակտ, որն օրենք դառնալու դեպքում արգելք կդառնա Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարեց՝ Վաշինգտոնին այլևս անկեղծ միջնորդ չի համարում և պնդեց, թե ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հակաադրբեջանական գործունեություն է ծավալում, նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հավելեց, թե պետք է արգելել հայերի հետ կապեր ունեցող Սամանթա Փաուերի ղեկավարած ամերիկյան կազմակերպության գործունեությունը Ադրբեջանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն և Վաշինգտոնը վերականգնում են բարձր մակարդակի այցելությունները

Բաքվի հակաամերիկյան հռետորաբանությունը չթուլացավ նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո։

Ադրբեջանցի պաշտոնյաները և իշխանական մեդիան պնդում են, որ Վաշինգտոնը ադրբեջանական լրատվամիջոցների օգնությամբ փորձել է անկայունություն հրահրել երկրում։ Վերջին տասն օրվա ընթացքում Ադրբեջանում հինգ լրագրող է հայտնվել ճաղերի ետևում, նրանք հայտնի են երկրի իշխանությունների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաների մասին հետաքննական նյութերով։

«Բարդ երկիր» է գնում, դեռևս հունիսին Մարկ Լիբբիին նախազգուշացնում էին ամերիկացի օրենսդիրները դեսպանի թեկնածության շուրջ Սենատում կայացած լսումների ընթացքում։ Սենատորներն այդ համատեքստում Ալիևի ղեկավարած երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակն էին հիշատակում։

Դիվանագետը խոստացավ այդ հարցով անկեղծ երկխոսություն ունենալ Ալիևի վարչակազմի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ իր երկրի և Բաքվի միջև համագործակցությունը ահաբեկչության, սահմանային, էներգետիկ ոլորտներում ծառայում է ԱՄՆ ազգային շահերին և անվտանգությանը։ Լիբբին նույնիսկ հիշեցրել էր, որ Ադրբեջանը, լինելով հետխորհրդային երկիր, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում օգնություն է ուղարկել Ուկրաինա, ինչն իր բնորոշմամբ՝ բավական հետաքրքիր զարգացում է։

«Հաստատվելու դեպքում ես պարտավորվում են հարգալից, բայց շատ անկեղծ երխոսություն վարել ադրբեջանական առաջնորդների լայն շրջանակի և քաղաքացիների հետ, համառորեն պնդել այդ արժեքները, իրավունքներն ու ազատությունները Ադրբեջանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում», - ասել է նա։

Այն նույն ժամերին, երբ Մարկ Լիբբին ժամանում էր Բաքու՝ ստանձնելու ԱՄՆ դեսպանի պաշտոնը, ամերիկյան առաջատար թերթերից ՝ The Washington Post-ը խմբագրական սյունակը նվիրել էր Ադրբեջանում վերջին օրերին լրագրողների ձերբակալություններին և Բաքվից Վաշինգտոնի հասցեին հնչող մեղադրանքներին։

«Նախագահ Իլհամ Ալիևը, որը պաշտոնավարում է 2003 թվականին իր հոր՝ Հեյդարի մահից ի վեր, և որը երբեք հանդուրժողականություն չի ցուցաբերել այլախոհության կամ քննադատության նկատմամբ, բռնաճնշումներ է սկսել անկախ լրատվամիջոցների դեմ»,-գրում է թերթը և հավելում․ «Լրագրությունն ու ազատ արտահայտվելը, որքան էլ անհանգստացնեն Ադրբեջանի բռնապետին, հանցագործություն չեն»։