Ռուսական հատուկ ծառայությունները ծրագրել էին արշավ, որի նպատակն էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցումը խոչընդոտելու համար սրել այդ երկրների հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդ մասին այսօր հայտնել է Yle ֆիննական հեռուստառադիոընկերությունը, որը հղում է անում լրագրողների հայթայթած փաստաթղթերին և «Դոսիե» կենտրոնից ստացած տեղեկություններին:
Փաստաթղթերում, մասնավորապես, ասվում է, որ Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերը հանգեցրել են Թուրքիայի հետ հարաբերություններում խիստ լարվածության, և խորհուրդ է տրվում միջոցներ ձեռնարկել այդօրինակ ակցիաները տարածելու համար։
Խոսքը, մասնավորապես, վերաբերել է եվրոպական քաղաքներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղակի վիրավորանքներով ցույցեր ի անցկացմանը և տարբեր վայրերում հակաիսլամական ու հակաթուրքական բովանդակությամբ պաստառներ և գրաֆիտիներ տեղադրելուն:
Նշվում է, որ այդ քարոզչական արշավը պետք է լայնորեն լուսաբանվեր եվրոպական մամուլում և սոցիալական ցանցերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլում հերթական անգամ այրել են Ղուրանը«Դոսիե» կենտրոնը ստացել է փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական հետախուզական ծառայությունները նշված արշավի շրջանակներում գործողություններ են կազմակերպել նաև Փարիզում: Այդ տեղեկությունը ֆիննական հեռուստառադիոընկերությանը փոխանցել է հետաքննող լրագրող Իլյա Ռոժդեստվենսկին։
Փաստաթղթում գործողությունը կոչվում է «ՀակաԷրդողանական նախագիծ»։ Ըստ «Դոսիե» կենտրոնի, Փարիզում 2023 թվականի մարտին հակաիսլամական կարգախոսներով մի շարք ցույցեր են տեղի ունեցել և քննադատության թիրախը հենց Էրդողանն է եղել:
Թուրքիան՝ սկզբնական փուլում տատանվելուց հետո, այնուամենայնիվ, հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցմանը, սակայն Շվեդիան դեռ սպասում է թուրքական իշխանությունների դրական որոշմանը:
Ռոժդեստվենսկու պնդմամբ, ռուսական հետախուզական ծառայությունները փորձել են դանդաղեցնել երկու երկրների անդամակցումը ՆԱՏՕ-ին, ընդ որում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են Շվեդիայի վրա։
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն չի միացել Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել են, որ անձնական լավ հարաբերություններ են հաստատել: