Ուկրաինայում պատերազմի ելքը կորոշի աշխարհի ապագան. Լլոյդ Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, արխիվ, Բրյուսել, 12 հոկտեմբերի, 2023.թ.

Ուկրաինան մեծ նշանակություն ունի Ամերիկայի համար, և այդ պատերազմի ելքը կորոշի աշխարհի ապագան, դեկտեմբերի 3-ին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Նրա խոսքով՝ ռուսական բանակը թուլացել է ոչ միայն ուկրաինական զորքերի, այլև ԱՄՆ ղեկավարության աշխատանքի արդյունքների շնորհիվ։

«Առաջին հերթին դա ուկրաինական անհավանական խիզախ զորքի շնորհիվ է։ Բայց Ուկրաինայի ձեռքբերումները նաև ԱՄՆ-ի երկկուսակցական ղեկավարության և մեր ստեղծած մոտ 50 երկրների կոալիցիայի աշխատանքի արդյունք են»,- ասել է Օսթինը:

Պենտագոնի ղեկավարն ավելացրել է, որ այս պայքարի արդյունքը կորոշի գլոբալ անվտանգությունը գալիք տասնամյակների համար։

«Եվ ԱՄՆ չի կարող այս իրավիճակում չգործել»,- ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: