Ադրբեջանում «լրտեսների որսի» շրջանակներում վերջին տասն օրվա ընթացքում 5-րդ լրագրողն է հայտնվում ճաղերի ետևում։ Ձերբակալված, ապա 3-4 ամսվա նախնական կալանքի ենթարկված լրագրողները հայտնի են քաղաքական կոռուպցիայի հետաքննությամբ, նրանք մասնավորապես գրել են այն մասին, որ տասնամյակներով երկրի իշխանության ղեկը ձեռքում պահող Ալիևների ընտանիքը շարունակում է հարստանալ պետբյուջեի հաշվին։
Ադրբեջանի իրավապահները մինչդեռ պնդում են, որ նախագահական ընտանիքի մութ գործարքները բացահայտած լրագրողներն են ֆինանսական ապօրինություններ իրականացրել, զբաղվել արտարժույթի մաքսանենգությամբ։ Ադրբեջանում եզակի անկախ լրատվամիջոցի՝ Abzas media-ի արդեն չորրորդ լրագրողն է կալանքի ենթարկվել։
Այսօր Խաթայի շրջանային դատարանի որոշմամբ լրագրող Նարգիզ Աբսալամովը նախնական երեք ամսով տեղափոխվել է մեկուսարան։ Նա, ինչպես իր երեք գործընկեր լրագրողները՝ Ուլվի Հասանլին, Սևինջ Վագիֆգիզին և Մուհամեդ Կեկալովը, մեղադրվում են արտարժույթի մաքսանենգության մեջ։ Աբսալամովան փաստաբանի միջոցով լրատվամիջոցներին փոխանցել է, որ չի ընդունում իրեն վերագրվող հանցանքը և իր ձերբակալությունը կապում է բացառապես իր լրագրողական գործունեության հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում Ալիևի հաղթանակների փոխարեն կոռուպցիայի մասին գրող ԶԼՄ-ի դեմ բռնաճնշումները թափ են հավաքումԼրագրողների ձերբակալություններն Ադրբեջանում տեղի են ունենում Արևմուտքի ու Բաքվի միջև լարվածության ֆոնին։ Անցած օրերին էլ իշխանություններն են արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին բաց տեքստով մեղադրել ադրբեջանական լրատվամիջոցների ապօրինի ֆինանսավորման, երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ էին կանչվել ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, Ֆրանսիայի դեսպանը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի պաշտոնյաները դիվանագետներին նախատել և նախազգուշացումներ են արել առանց փաստեր վկայակոչելու պնդել, թե քրեական հետապնդումների թիրախում հայտնված Abzas media-ն ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Abzas Media-ի շուրջ աղմուկը չմարած՝ Բաքուն հերթական անկախ լրագրողին է ձերբակալելԱդրբեջանի ԱԳՆ-ն հիշատակել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի անունը։ Վերջին երեք տասնամյակներին Ադրբեջանոմ ավելի քան 430 միլիոն դոլարի ներդրում կատարած կազմակերպությանը, որն ադրբեջանցիներին աջակցել է առողջապահական ոլորտի և տնտեսական բարեփոխումներում, Բաքուն մեղադրում է դրամաշնորհների տրամադրման կանոնները խախտելու համար։
Բաքվի դեմարշն այսքանով չի սահմանափակվել։ Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը ստիպված եղավ հետաձգել ամերիկյան բուհերի ադրբեջանցի շրջանավարտների հետ Բաքվում նախատեսված հանդիպումը։ Կառավարությանը մոտ կանգնած Qafqazinfo-ն օրեր շարունակ այս միջոցառումը ներկայացրել էր որպես հանդիպում «լրտեսական ցանցի» և մարդկանց հետ, «ովքեր հավաքագրվել են որպես ամերիկյան գործակալներ Միացյալ Նահանգներում ուսանելիս»։
Ադրբեջանական սոցցանցերում մինչդեռ հեգնում այս պնդումները՝ հիշեցնելով, որ Ալիևի ղեկավարած պետական ապարատի ներկայացուցիչներից շատերը հենց Միացյալ Նահանգներում են ուսանել։ Ադրբեջանցի օգտատերերը նույնիսկ հատուկ ցանկ են հրապարակել՝ նախագահի օգնական, այս օրերին Վաշինգտոնի հասցեին առանձնակի կոշտ տոնայնությամբ խոսող Հիքմեթ Հաջիևից մինչև ավելի ցածր դիրք ունեցող պաշտոնյաներ, ովքեր հենց ամերիկյան բուհերում են կրթություն ստացել։ Հակաաամերիկյան այս արշավին զուգահեռ Բաքուն բոյկոտել է արևմտյան հարթակներում Հայաստանի հետ բանակցելու առաջարկները։
Ալիևի վարչակազմը կասկածի տակ է դնում ինչպես Փարիզի, այնպես էլ Վաշինգտոնի անկեղծ միջնորդությունը՝ չթաքցնելով, որ նախընտրում է Երևանի հետ կնճռոտ հարցերը կարգավորել տարածաշրջանի ավտորիտար ռեժիմների՝ Թուրքիայի կամ Ռուսաստանի մասնակցությամբ կամ ուղիղ բանակցություններում առանց միջնորդի։
։