Մեր օրերի գլխավոր վտանգը իրականության հետ կապը կորցնելն է, իր այս պնդումն այսօր Երևանում ևս մեկ անգամ կրկնեց ականավոր գիտնական, մաթեմատիկոս, բիզնեսմեն, թրեյդեր Նասիմ Թալեբը, ում հեղինակած գրքերը բեսթսելլեր են դառնում։
Դեկտեմբերի 1-ին ու 2-ին Երևանում «Գիտության և գործարարության օրեր» երկրորդ համաժողովի շրջանում Թաելբը հանդես կգա ելույթով, կխոսի այն մասին, թե ինչպես անորոշության, քաոտիկ աշխարհում չկորցնել կապն իրականության հետ։
«Երբեմն գիտությունը դիտարկում են իրականությունից կտրված, վերացական մի երևույթ, ինչն այդպես չէ, մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում և պետք է կենտրոնանանք պրակտիկ գիտելիքի վրա, այլ ոչ թե՝ ինչ մնում է դասագրքերում», - նշեց նա։
Թալեբի գրքերի մի մասը թարգմանվել է հայերեն, այդ թվում՝ «Սև կարապը», որը 36 շաբաթ շարունակ The New York Times-ի բեթսելլերների ցանկում էր։ Վերլուծաբաններից շատերի կարծիքով՝ եթե պաշտոնյաները գոնե Թալեբի 3-4 գիրք կարդացած լինեին, աշխարհն այսպիսի խնդիրների առջև գուցե չկանգներ։
Դեռ քովիդից առաջ իր «Սև կարապ» գրքում Թալեբը համաճարակի մասին է խոսել, կանխագուշակել էր նաև 2008-ի ֆինանսական համակարգի փլուզումը։ Հիմա ԱՄՆ-ում ամենամեծ ռիսկը, ըստ գիտնականի, անշարժ գույքի շուկայի փլուզումն է, հաջորդիվ՝ պարտքի անընդհատ ահագնացող չափերը:
«Երբ խաղադրույքը սեփական մաշկդ» է գրքում Թալեբը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ են քաղաքական գործիչներն այդքան անպատասխանատու։ Որովհետև նրանց չի սպառնում իրենց իսկ կայացրած որոշումները, որովհետև իրենք չեն դնում իրենց մաշկը որպես խաղադրույք, պատասխանում է հենց ինքը հեղինակը։
«Ազատությունը» հիշեցրեց ևս մեկ մեջբերում՝ «հիմա քաղաքական գործիչները այնպես են կառավարում իրենց երկրները կարծես համակարգչային խաղ են խաղում, զրո ռիսկ, ուրեմն որոշումն էլ կլինի ոչ ադեկվատ»։ Այս պարագայում՝ մարդկությունն առաջիկայում ի՞նչ լուրջ սպառնալիքների կարող է առերեսվել, հետաքրքրվեցինք գիտնականից։ Ավելի քան 20 րոպե մեջբերումներ անելով հին ժամանակների ազդեցիկ մարդկանց պատմությունից, որոնք իրենց կյանքը վտանգի տակ են դրել, ցավով ամփոփեց՝ այդ տեսակը կորցրել ենք։ Հարցի շուրջ էլ խոստացավ խորհել։
Թալեբին որպես հյուր համաժողովին հրավիրած Հայաստանի կառավարությունն արդյոք հետևում է հեղինակի օրինակներին ու խորհուրդներին, արդյոք որոշումներ կայացնելիս սեփական մաշկը վտանգի տակ է դնում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ երկար պատասխանեց հարցին՝ հիշեցնելով, որ ինքը բիզնեսից է եկել կառավարություն, ինչն, ըստ նախարարի, արդեն ռիսկ էր։
Համաժողովը կազմակերպած Էկոնոմիկայի նախարարությունում հուսով են, որ կոնֆերանսը մի հարկի տակ կհավաքի գիտնականների, պետական պաշտոնյաների ու գործարարներին և հնարավոր կլինի հասկանալ՝ ինչպիսի համագործակցությունը կհանգեցնի բարձր արտադրողական տնտեսությանն՝ առանց մեծ ռիսկերի դիմելու։