Այսօր առավոտյան երկու պաղեստինցիներ Երուսաղեմում ավտոբուսի կանգառում կրակ են բացել մարդկանց վրա։ Երեք մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել։ Անվտանգության աշխատակիցներն ու իսրայելցի զինվորականը, որ կանգառի մոտ էր, սպանել են հարձակվողներին։
Իսրայելի ազգային անվտանգության նախարարի խոսքով՝ հարձակումն իրականացրել են արևելյան Երուսաղեմում բնակվող, ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի անդամներ Մուրադ և Իբրահիմ Նամրեր եղբայրները։
Երուսաղեմում հրաձգությունը տեղի է ունեցել Իսրայելի և ծայրահեղական «Համաս»-ի միջև ժամանակավոր հրադադարը ևս մեկ օրով երկարաձգելու պայմանավորվածության ֆոնին։ Նախօրեին ծայրահեղական զինյալները ազատ էին արձակել 16 պատանդների։ Իսրայելն իր հերթին վերադարձրել էր 30 պաղեստինցի բանտարկյալների՝ կանանց և անչափահաս տղաների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Քաթարում բանակցություններ են վարում
Իսրայելի և «Համաս»-ի միջև ժամանակավոր զինադադարը մեծ դժվարությամբ համաձայնեցվեց նոյեմբերի 24-ին։ Այս ընթացքում, ըստ իսրայելական կողմի, կազմակերպության զինյալները ազատ են արձակել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդ վերցրած 86 քաղաքացիների՝ 66 իսրայելցու և 20 օտարերկրացու։ Դեռ գերության մեջ են 146 իսրայելցիներ ու 15 օտարերկրացիներ։ Ընդ որում, կան գերիներ, որոնք պաղեստինյան այլ ծայրահեղական խմբավորումների ձեռքում են։
Զինադադարի վերջնաժամկետը վաղն առավոտյան կլրանա, նոր պայմանավորվածության մասին դեռ չի հայտարարվել, այս մեկ շաբաթվա ընթացքում Գազա ավելի շատ մարդասիրական օգնություն է մտել։ Պաղեստինյան Կարմիր մահիկի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հազարից ավելի բեռնատարներ են մտել Գազայի հատված։
Մի շարք միջազգային կազմակերպություններ բազմիցս հայտարարել են, որ Գազա մտնող օգնության ներկայիս ծավալը բավարար չէ տեղի բնակիչների կարիքները հոգալու համար։ Օգնությունը մեծացնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարը։
«Մենք մեծացնում ենք մարդասիրական օգնությունը Գազա, որպեսզի համոզվենք, որ Գազայի ժողովուրդն ունի այն, ինչն անհրաժեշտ է: Հետագա մի քանի օրերին մենք կանենք այն, ինչ հնարավոր է զինադադարը երկարաձգելու համար», - ասել է նա:
Էնթոնի Բլինքենն այսօր առավոտյան է ժամանել Իսրայել՝ մարտերի դադարը երկարաձգելու հարցը քննարկելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում հրադադարի նոր երկարաձգման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել
Սպիտակ տունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռական է տրամադրված «Համաս»-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման հարցում։ Մյուս կողմից՝ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իսրայելը սահմանափակի իր մարտական գոտին Գազայի հարավում ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում՝ խաղաղ պաղեստինցիների շրջանում մեծ կորուստներից խուսափելու համար։
Իսրայելի իշխանությունները պնդում են՝ երբ ավարտվի պատանդների և պաղեստիցի բանտարկյալների փոխանակման գործընթացը, իսրայելական բանակը շարունակելու է ռազմական գործողությունները՝ «Համաս»-ն ամբողջությամբ ոչնչացնելու համար։