Վրաստանի իշխանություններն ակտիվ եղանակով աշխատում են Եվրոպական միության հետ՝ այդ կառույցին միանալու հարցով բանակցությունները սկսելու համար։ Այդ մասին նոյեմբերի 28-ին ասել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:
«Եվրոպական հեռանկար ստանալուց հետո Վրաստանը ջանքեր է գործադրում հասնելու թեկնածուի կարգավիճակին և անցնելու հաջորդ փուլին՝ անդամակցության բանակցություններին: Ամեն օր մենք կենտրոնանում ենք մեր բարեփոխումները շարունակելու և արագացնելու վրա, դա է նոր լիցք հաղորդելու մեր օրակարգին»,-ասել է նախարարը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 8-ին հայտնել է, որ հանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկել է Մոլդովայի և Ուկրաինայի հետ սկսել անդամակցության բանակցություններ, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ դեռ կա որոշակի անելիք։
ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում նաև դատական համակարգը բարեփոխել: