Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պաշտոնապես հաստատեց ուժային այդ կառուցի ղեկավար Կիրիլ Բուդանովի կնոջ՝ Մարիանա Բուդանովայի թունավորման փաստը։
Ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ուկրաինական մամուլի ավելի վաղ հրապարակումները համապատասխանում են իրականությանը՝ Մարիանա Բուդանովան իսկապես թունավորվել է ծանր մետաղներով, նա հոսպիտալացվել է, բուժվում է, բուժման կուրսն ավարտվում է։
Ուկրաինական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրել էին, որ 30-ամյա Մարիանա Բուդանովան հոսպիտալացվել է առողջական վիճակի շարունակվող վատթարացման պատճառով, ու հիվանդանցում ախտորոշել էին, որ նա թունավորված է ծանր մետաղներով։ Այդ նյութը կենցաղում չի օգտագործվում։ Թունավորման հանգամանքները դեռևս պարզ չեն։ Ենթադրվում է, որ նրան թունավորել են սննդի միջոցով:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ կնոջ հետ ապրում են իր աշխատասենյակում, չնայած կինը ռազմական հետախուզության աշխատակից չէ։ Վերջին երկու տարիներին նա Կիևի քաղաքապետի խորհրդական է աշխատում։ Նախորդ ընտրություններին մասնակցել էր քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի կուսակցության ցուցակով։
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ Կիրիլ Բուդանովի կնոջից բացի թունավորվել են նաև ռազմական հետախուզության մի քանի աշխատակիցներ, որոնք հիմա բուժվում են։ Մարիանա Բուդանովայի մոտ թունավորումն ավելի արագ ու շուտ է զգացվել, քանի որ նա փոքրամարմին է։
Ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի առողջական վիճակի մասին լրատվամիջոցները հայտնում են, որ նա ստուգվել է, թունավորման ախտանիշներ չեն հայտնաբերվել։
Նախկինում նրա դեմ մի շարք մահափորձեր են կատարվել, անցած ամռանը ռուսական ֆեյք լուրեր տարածվեցին, թե Բուդանովը ծանր վիրավորվելու հետևանքով մահացել է։
Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Վալերի Կոնդրատյուկը հնարավոր է համարել, որ Բուդանովի կնոջ թունավորումը Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, սակայն դա վկայող որևէ հետք նա չի նշել:
Ռուսաստանցի ռազմական հարցերով փորձագետ Իգոր Նիկուլինի կարծիքով՝ այդ թունավորումը կարող է ձեռնտու լինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նրա ասելով՝ Ուկրաինայի իշխանության վերնախավում կուլիսային պայքար է գնում՝ մի կողմում Զելենսկին ու նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն են, մյուս կողմում՝ Բուդանովն ու զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար. Պատերազմը տեղափոխվում է նոր փուլՎալերի Զալուժնիի հասցեին Ուկրաինայում իսկապես քննադատություն է հնչում և դժգոհության կա, մասնավորապես այն բանից հետո, երբ ուկրաինական զորքերի հակահարձակումը զգալի հաջողություններ չունեցավ։ Դրան գումարվեց նոյեմբերի սկզբին The Economist-ում տպագրված Զալուժնիի հոդվածը, որտեղ նա հոռետեսական տոնով գրել էր, թե պատերազմը դիրքային հակամարտության փուլ է մտնում, ինչը ձեռնտու է ռուսական կողմին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարաձայնություններ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և ԶՈՒ հրամանատարի միջևՆախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակավ առարկել էր՝ ասելով, թե իրավիճակը պատային չէ։ Իսկ նրա գրասենյակի ղեկավարի տեղակալը զինվորականներին խորհուրդ էր տվել ռազմաճակատի իրավիճակը մամուլում քիչ մեկնաբանել։
Գերագույն Ռադայում Զելենսկու կուսակցության խմբակցության անդամ, պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարյանա Բեզուգլայան վերջին երկու օրերին սոցցանցերում տասնյակ գրառումներով քննադատել է զինված ուժերի գլխավոր հրամանատարին և նրան կոչ արել հրաժարական տալ։
Պատգամավորը հրապարակել է Գլխավոր շտաբի տեղեկատվությունը, ըստ որի՝ 2024 թվականին նախատեսվում է յուրաքանչյուր ամիս 20 հազար մարդու զորակոչել։
«Այդ քննարկումները հրապարակային չէին, բաց լարվածությունն աճել է, ու հիմա իրավիճակն այնպիսին է, որ ռազմական ղեկավարությունը 2024-ի գործողությունների որևէ պլան չի կարող ներկայացնել։ Մոբիլիզացիայի մասին նրանց բոլոր առաջարկներն այն մասին են, որ ավելի շատ մարդ է անհրաժեշտ, համակարգում որևէ փոփոխությունների առաջարկ չկա։ Այդպիսի ղեկավարությունը պետք է հեռանա», - գրառումներից մեկում նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Զալուժնին Ուկրաինայում «սովետական փոքր բանակ է ստեղծել, որը չի կարող հաղթել սովետական մեծ բանակին»։
Պատգամավորի գրառումները, նրա հարձակումները զինված ուժերի գլխավոր հրամանատարի դեմ Ուկրաինայի քաղաքական կյանքում լայն արձագանք են գտել։ Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության պատգամավորները քննադատել են Մարյանա Բեզուգլայային։ Շատ պատգամավորներ իրենց խմբակցության անդամի հայտարարությունները ոչ տեղին են համարել։ Վալերի Զալուժնին Ուկրաինայում մեծ հեղինակություն ունի։ Ընդդիմությունը պաշտպանում է նրան։
Նախագահի աշխատակազմից արձագանք չկա։