Հայաստանում էքստրեմալ տուրիզմը կարգավորող որևէ օրենք չկա, բայց գոյություն չունեցող իրավական պահանջները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել Դեբեդ գետի վրա ռաֆթինգ կազմակերպող ընկերության տնօրենին, պնդում է վերջինիս փաստաբանը։
Տնօրենը մեղադրվում է 31-ամյա հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան համար, որն անցած տարի նավարկելու ժամանակ ընկել էր գետն ու խեղդվել։ Ռետինե նավակում նկարահանող խմբից բացի, նաև հրահանգիչ է եղել, որը փորձել, բայց չէր կարողացել փրկել Արմինեին։
Ավելի քան մեկ տարվա փորձաքննությունից հետո Քննչական կոմիտեն եզրակացրել է. - «Տնօրենը ռաֆթինգ է կազմակերպել Դեբեդ գետի վարարման ընթացքում, որպես ռաֆթի թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, նավարկելուց առաջ Ճաղարյանի հետ անվտանգության գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել»։
«Վիզիթ Լոռի» ընկերության տնօրենի փաստաբանն աբսուրդ է համարում մեղադրանքը, նշելով, ռաֆթինգ կարելի է կազմակերպել միայն վարար գետի վրա։ Դա էքստրեմալ սպորտաձև է և Հայաստանում օրենքով սահմանված չափորոշիչներ ու պարտադիր պահանջներ չկան, ասում է Արտակ Ոսկանյանը։
«Էքստրեմալ սպորտի իմաստն այն է, որ դա էքստրեմալ է, կյանքի, առողջության համար վտանգավոր է: Ոչ վարար գետում ռաֆթինգ չի լինում, դրա անունն արդեն ռաֆթինգ չի», - նշեց Ոսկանյանը՝ նշելով. - «Հայաստանի Հանրապետությունը էս ոլորտը կարգավորող ընդհանրապես որևէ ակտ չունի»:
Քննիչները նշել են, թե էքստրեմալ տուրիզմ կազմակերպող ընկերությունը խախտել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հրամանը։ Այն ռուսերեն բովանդակությամբ աշխատանքային անվտանգության ստանդարտների մասին է, ինչ-որ ԳՕՍՏ, որը հաստատված է ԱՊՀ միջպետական խորհրդի կողմից։ Այդ ստանդարտները Հայաստանում պարտադիր կիրառելի դարձնելու համար պետք է ընդունվեն իրավական նորմեր, օրենքներ, որոնք մինչև այսօր գոյություն չունեն, պնդում է փաստաբան Արտակ Ոսկանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չնայած մահվան դեպքերին՝ Հայաստանում Էքստրեմալ սպորտի ոլորտը գրեթե չի կարգավորվում«Նորմատիվ իրավական ակտ կարող են ընդունել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, բաժնետիրական ընկերությունը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չի, ինքը չի կարող ընդունել նորմատիվ իրավական ակտեր, և որ իրա ակտերը պարտադիր լինեն բոլորի համար», - ընդգծեց փաստաբանը:
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնից այսօր հաստատեցին, իրենց սահմանած չափորոշիչները կամավոր կիրառման համար են։ ԳՕՍՏ-ի ռուսերեն տեքստում այդպես էլ նշված է։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից էլ նշեցին, որ Հայաստանում իսկապես ոլորտը կարգավորող օրենսդրություն չունենք։ Կառավարությունը միայն վերջերս է նման մի նախագիծ հաստատել, որն Ազգային ժողովում առաջին ընթերցում կանցնի դեկտեմբերի սկզբին։
Կոմիտեից «Ազատությանն» ասացին, որ կսահմանվեն նաև կյանքի և առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների չափորոշիչները։ Այդ դեպքում արդեն հստակ պահանջներ կձևակերպվեն, որոնք պարտադիր կլինեն ոլորտի բոլոր տնտեսվարողների համար։ Նախագիծը հավանաբար օրենք կդառնա մինչև տարեվերջ, ասացին Զբոսաշրջության կոմիտեից։
Մինչ այդ ինչի՞ հիման վրա են մեղադրանք առաջադրել «Վիզիթ Լոռի» ընկերության տնօրենին, անհասկանալի է, ասում է փաստաբանը. - «Երբ որ անձին մեղադրանք է առաջադրվում, փաստացի առաջադրված է ինչ-որ ԳՕՍՏ-ի պահանջներ չպահպանելու համար, որոնք պարտադիր չեն ու Հայաստանի Հանրապետությունում կիրառելի չեն»:
Դեռ տարիներ առաջ վճռաբեկ դատարանը նախադեպային վճիռ է հրապարակել նման մի դեպքի առնչությամբ, որտեղ ամբաստանյալը մեղադրվում էր նույն ԳՕՍՏ-ով սահմանված ստանդարտների խախտման համար։ Դատարանն արդարացրել է մեղադրյալին՝ արձանագրելով, որ «կանոններն ի սկզբանե կազմված են եղել օտար լեզվով, իսկ դրանց հայերեն թարգմանված օրինակը հասանելի չէ որևէ աղբյուրում»: «Այսինքն` Հայաստանում պաշտոնապես հրապարակված չլինելու պայմաններում ապահովված չէ նվազագույն ջանքերի գործադրմամբ դրանք գտնելու և ընթերցելու հնարավորությունը: Ուստի նշված կանոնները չեն կարող համարվել օրենք»։
Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով, եզրակացրել է վճռաբեկ դատարանը:
Հեռուստահաղորդավար Արմինե Ճաղարյանը մահացել էր անցած տարվա մայիսին։ Ընկերությունը դժբախտ պատահարից հետո դադարեցրել էր աշխատանքը։ Համահիմնադիր Գևորգ Վարդանյանն «Ազատությանն» ասել էր, որ չեն կարողանում հաղթահարել շոկը։ Հեռուստալրագրողը նախկինում հաճախ էր մասնակցել իրենց կազմակերպած ռաֆթինգներին։
«Հենց սկզբից Արմինեն էլ է մեզ շատ աջակցել, ինքը մեր հարազատ ընկերն է եղել, ու առաջինը չի եղել, որ քշել ենք իրար հետ», - ասել է Վարդանյանը։
Ընկերությունը ամիսներ առաջ վերսկսել է գործունեությունը։