Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին կոչ է անում օգտվել «3+3» հարթակից

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հայաստանին կոչ է անում օգտվել տարածաշրջանային «3+3» հարթակից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

«Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Գյուլերը իր վրաց և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև նշել է, որ Անկարան և Թբիլիսին աջակցել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։

«Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար։ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները», - դիմելով Ջուանշեր Բուրչուլաձեին և Զաքիր Հասանովին՝ ասել է Գյուլերը, ում խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այդ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թվականին երեք երկրների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել կիբերանվտանգության վերաբերյալ։

Գյուլերն ընդգծել է, որ Անկարայի, Բաքվի և Թբիլիսիի փոխգործակցությունը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար, և կողմերը տրամադրված են զարգացնել եռակողմ հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող «գործոնների դեմ պայքարում» ջանքերի համադրման կարևորությունը, հաղորդել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը։

Եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։