Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ Խորհրդի նիստին, եթե Բուլղարիան ինքնաթիռի համար բացի օդային տարածքը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

Ռուսաստանի պատվիրակությունը կմասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ այն դեպքում, եթե Բուլղարիան ինքնաթիռի համար բացի իր օդային տարածքը:

Այդ մասին նախարարն ասել է Մոսկվայում տեղի ունեցած «Պրիմակովյան ընթերցումներ» միջոցառման ընթացքում:

«Եթե առաջարկեն, մենք չենք խուսափի, կարծես թե, Մակեդոնիան մեզ հրավիրել է, Բուլղարիան էլ խոստացել է բացել տարածքը, եթե ստացվի՝ կմասնակցենք»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, արևմտյան երկրների արգործնախարարներից մի քանիսը ռուսական կողմի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել:

«Տեսնենք, թե ինչպես են շփվելու, պատրաստ ենք բոլորի հետ հանդիպել»,- ասել է Լավրովը:

ԵԱՀԿ-ում նախագահող Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին նոյեմբերի 14-ին ասել է, թե արտգործնախարարների խորհրդի աշխատանքին Լավրովի մասնակցության հարցը դեռ չի որոշվել: