Սերժ Սարգսյան. «Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահը պնդում է՝ ուղիղ բանակցությունների առաջարկը Երևանը չպետք է ընդունի:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի յուրացման գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրին՝ նշելով՝ եթե այն կնքվի, դա կլինի պարտադրված փաստաթուղթ, քանի որ, Սարգսյանի պնդմամբ, Երևանն ամեն անգամ գնում է նոր զիջումների։

«Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է: Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ եթե էսպիսի՛ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում, տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ: Որովհետև սա այլ ելք չի կարող բերել, հասկանո՞ւմ եք, անարդար խաղաղությունը բուն է, պատճառ է նոր պատերազմի», - հայտարարեց Հայաստանի նախկին նախագահը:

Երևան-Բաքու ուղիղ բանակցությունների առաջարկը, ըստ Սարգսյանի, Երևանը պետք է չընդունի։ Երրորդ նախագահը համոզված է՝ այդ ձևաչափը բանակցությունները փակուղի կտանի։

«Համենայն դեպս, Արտգործնախարարության հայտարարությունը մի քիչ խուճուճ էր՝ ո՛չ ասեցին ընդունում ենք, ո՛չ ասեցին չենք ընդունում, որովհետև, որովհետև երևի իրենք մտածելու կարիք ունեն: Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմանի բանակցությունների առաջարկությունը», - ընդգծեց Սարգսյանը:

«Մեկ անգամ ևս ուզում եմ մի այլ բան հիշեցնել. հիշո՞ւմ եք, երբ որ Հայաստանի այսօրվա կառավարիչը իր կարծիքով քննադատում էր, թե ուզում էր խայթեր ինձ, երբ որ ասում էր՝ «տեսեք-տեսեք, նա ասում է, որ Ալիևի հետ ես չեմ բանակցել, իսկ ես, տեսնո՞ւմ եք, բանակցում եմ»: Մենք տեսանք, թե ինչի բերեցին այդ բանակցությունները: Եվ խնդիրը նրանում չի, որ դիմացինդ հաճելի անձնավորություն է որպես բանակցող, տհաճ է, և այլն, և այլն, խնդիրը նրանում է, որ այդ բանակցությունների արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի՝ ավելի հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի, եթե դա չի երաշխավորվելու, ապա այդ թուղթը ո՞ւմ է պետք՝ այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը շատ հանգիստ կարող է խախտել, չէ՞, այդ պայմանավորվածությունները», - նշեց Հայաստանի երրորդ նախագահը:

Օրերս Բաքուն պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու, որին ի պատասխան՝ Երևանն առաջարկեց պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։ Նիստը նոյեմբերի 30-ին է, կոնկրետ վայրը կողմերը չեն բացահայտել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոյեմբերի 30-ին՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպում հայ - ադրբեջանական սահմանինԵրևանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել` երկու երկրների միջև սահմանինՈւղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ Բաքվից. Երևանը դեռ չի արձագանքում

Պաշտոնաթող նախագահն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի ու Երևանի միջև լարվածությանը։ Նա, ըստ էության, արդարացրեց Մոսկվայի գլխավորությամբ գործող ռազմական դաշինքի պահվածքը Երևանի նկատմամբ։

Մինսկում երեկ ռազմական կառույցի երկրների ղեկավարների հավաքն անցավ առանց Հայաստանի վարչապետի։

«Դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով միայն: Եթե ուղեղ չունես, փոխաբերական իմաստով եմ ասում, ապա դու չես կարող ունենալ այն արդյունքը, ինչ որ ակնկալում ես: Եվ դաշնակիցը նրա համար չի, որ քո փոխարեն կռվի, դաշնակիցը նրա համար է, որպեսզի անհրաժեշտության պարագայում՝ իր հնարավորությունների սահմաններում, քեզ օժանդակի: Բայց դա միակողմանի չի կարող լինել՝ դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես՝ եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով, և այլն», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Բայց մեր սուվերեն տարածք, այնուամենայնիվ, ներխուժել է թշնամին, և ՀԱՊԿ-ը կոնկրետ իրերն իրենց անունով չի կոչել», - լրագրողների այս դիտարկմանը նախկին նախագահն արձագանքեց. - «Ահ, դե, գիտե՞ք, հիմա դա բարդ խոսակցություն է, ոտի վրա ես ... Ես հարցից չեմ փախչում և որևէ նպատակ չունեմ ՀԱՊԿ-ին կամ որոշում ընդունողներին արդարացնելու: Իսկ ո՞վ է կոնկրետ ինչ-որ մի բան ասել: Լավ, ՀԱՊԿ-ը ենթադրենք վատն է, քըխ է ՀԱՊԿ-ը, բա ո՞վ է էդ լավը, ո՞վ է ասել բա: Էն ուր որ գնում ենք... »:

Հիշեցմանն էլ՝ «բայց Դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, հետևաբար՝ դաշնակիցն էլ չի կարող իրեն դրսևորել այնպես, ինչպես գործընկերը», Սարգսյանը հակադարձեց. - «Բայց երբ որ դաշնակիցը առաջարկում է, ու դու ասում ես՝ չէ, ի՞նչ անի դաշնակիցը՝ գա խնդրի՞ քեզ, նորի՞ց գա խնդրի, նորի՞ց և նորի՞ց»:

Հայաստանը անցած տարվա ադրբեջանական հարձակումից հետո նախ ռազմական օգնություն չստացավ Մոսկվայի առաջնորդած դաշինքից, ապա նոյեմբերին՝ չնայած Երևանի պահանջին, դաշնակիցները չդատապարտեցին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով մեր պետական ​​շահը. ՓաշինյանԵրևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը․ ՀՀ ԱԳՆՄինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներ հավաքը՝ առանց Հայաստանի վարչապետի