Նախքան OpenAI ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին աշխատանքից հեռացնելու որոշումը, տնօրենների խորհուրդն աշխատակիցներից ստացել է մի նամակ, ըստ որի, «մի հզոր հայտնագործություն կարող է սպառնալ ամբողջ մարդկությանը»: Այդ մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը, որը հղում է անում ընկերության ներսում իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ, խոսքն արհեստական ընդհանուր ինտելեկտի ստեղծման գործում բեկումնային նվաճուման մասին է: Այն կկարողանա մարդու նման հասկանալ միջավայրը, կատարել ցանկացած ինտելեկտուալ առաջադրանք և՝ ինքնազարգանալով, կկարողանա գերազանցել մարդկանց՝ լուծելով այդ խնդիրների մեծ մասը:
OpenAI-ը և նամակի հեղինակները չեն պատասխանել Reuters-ի հարցերին։ Գործակալության զրուցակիցներից մեկը, սակայն, ասել է, թե ներքին հաղորդագրության մեջ ղեկավարությունն ընդունել է նամակի գոյությունը և ճանաչել է Q* (Q-Star) նախագծի վրա աշխատանքի փաստը։
Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ Q*-ն ունակ է լուծել մաթեմատիկական խնդիրներ, թեև դրա կարողությունները ներկայումս կրտսեր դպրոցի աշակերտի մակարդակի վրա են։ Այնուամենայնիվ, սա հետազոտողներին տալիս է «մեծ լավատեսություն նախագծի ապագա հաջողության վերաբերյալ»:
Հիմա հաշվողական գործիքներն օգտագործում են ալգորիթմներ և կարող են սահմանափակ թվով գործողություններ կատարել:
Մաթեմատիկայի տիրապետումը ենթադրում է, որ արհեստական բանականությունը (AI) կունենա տրամաբանական ունակություններ, այսինքն՝ կկարողանա ընդհանրացնել, սովորել և հասկանալ: Սա կարող է օգնել գիտական գործունեության ոլորտում:
Նամակի հեղինակները չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչպես կարող է Q* ծրագիրը սպառնալ մարդկությանը:
Գիտնականները երկար ժամանակ են քննարկում բարձր ինտելեկտով մեքենաների վտանգները, օրինակ՝ եթե դրանք որոշեն, որ մարդության ոչնչացումը համապատասխանում է իրենց շահերին:
Նամակն Ալթմանի պաշտոնանկության պատճառներից միայն մեկն էր: Ըստ Reuters-ի, տնօրենների խորհուրդը նրան աշխատանքից հեռացնելու որոշումը պատճառաբանել է այն բանով, որ «Ալթմանը միշտ չէ, որ անկեղծ է եղել»:
Գլխավոր տնօրենին աշխատանքից ազատելու հայտարարության մեջ կար նաև հետևյալ պատճառաբանությունը. «OpenAI-ը ստեղծվել է մեր առաքելությանը հասնելու համար, այն է՝ երաշխավորելու, որ ընդհանուր արհեստական բանականությունն օգուտ բերի ողջ մարդկությանը: Խորհուրդը լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը հասնելու հանձնառությանը»:
Մինչդեռ, ղեկավարին պաշտոնանկ անելուց օրեր անց OpenAI ընկերության 770 աշխատակիցներից 700-ը սպառնացել են ի նշան բողոքի հեռանալ ընկերությունից:
Դրանից հետո ընկերության ղեկավարները և Ալթմանը բանակցել են և «սկզբունքային համաձայնության են եկել» նրան գլխավոր տնօրենի պաշտոնում վերականգնելու հարցում: