Մամիջանյանը հարցաքննվել է բռնության հրապարակային կոչերի գործով

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան, արխիվ

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Պատգամավորը քննիչի հարցերին պատասխանել է վկայի կարգավիճակով։

Ըստ Մամիջանյանի՝ վարույթի համար հիմք են հանդիսացել այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում իր ճեպազրույցի շրջանակում արված հայտարարությունները։ Այդ օրը ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել էր Արցախի և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, նշելով. - «Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ»։ Ավելի ուշ պատգամավորը պարզաբանել էր՝ նկատի է ունեցել, որ ոչ թե ընդդիմությունը, այլ Փաշինյանը կարող է արյուն թափել իր իշխանությունը պահելու համար։

Մամիջանյանը պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ճիշտն ասած, այդտեղ պարզաբանումներ ներկայացնելու կարծում եմ բան չկար, տեքստը պարզապես նորից վերաշարադրել եմ, և վերջ», - այսօր «Ազատությանն» ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ընթացք կունենա սա, Ձեզ կներգրավե՞ն այդ վարույթում», - այս հարցին Մամիջանյանն արձագանքեց. - «Վկայից զատ ցանկացած այլ կարգավիճակի համար իրենք պիտի մտնեն Ազգային ժողով՝ նրա համաձայնությունը ստանալու համար»:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս հարցի շուրջ հավելյալ մեկնաբանություններ չունեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունն իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացնում

Տե՛ս նաև այստեղ