Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հոսք Հայաստանից չկա, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ արտագաղթի երևույթներ չկան։

Փաշինյանը նշեց, որ առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ:

«Մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում, մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով և վերադառնում են»,- ասաց գործադիրի ղեկավարն՝ ընդգծելով՝ վիճակը կայունացել է։

Փաշինյանը սա կարևոր ազդակ համարեց կառավարության կողմից իրականացվող որոշումները գնահատելու առումով՝ մանրամասնելով՝ «սա նշանակում է, որ որոշումները որոշակի շատ էֆեկտ ունենում են»։

«Թող իմ խոսքերը չմեկնաբանվի այնպես, թե մենք ամբողջութամբ լուծել ենք այդ մարդկանց խնդիրները։ Մի X պահից մեր քաղաքականությունները պետք է դառնան նույնական՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, ինչ քաղաքականություն մենք վարում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ», - ասաց Փաշինյանը։

Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո, վերջին տվալներով, 100 հազար 652 արցախցի հեռացել է Հայաստան, Արցախում, ըստ գնահատականների, մեկ-երկու տասնյակ հայ է մնացել: Հոկտեմբերի կեսերին վարչապետը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3 հազար անձ դուրս է եկել Հայաստանից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից տեղահանված ավելի քան 3 հազար անձ է դուրս եկել Հայաստանից. վարչապետ

Հայտարարելով, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով՝ Փաշինյանն արձանագրեց՝ «ՀՀ-ում գրանցված աշխատողների նոր ռեկորդ է սահմանվել»։

«2023-ի հոկտեմբերի տվյալներով՝ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել՝ 730 հազար թիվը։ Պիտի արձանագրեմ, որ 2018-ի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է շուրջ183 հազար նոր աշխատատեղ, և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել և նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների՝ աշխատանքի շուկայում լիարժեք ներգրավվելու արդյունքում, և մեր այս դինամիկան ավելի լավը կլինի», - ասաց վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փախստականի կարգավիճակ ստացած արցախցիները կենսաթոշակները կստանան հավանաբար դեկտեմբերի սկզբին