Նոյեմբերի 30-ին, Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ պայմանավորվածությունը նախնական է։

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», - ասված է հայտարարությունում։

Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ է հնչել, բայց չի հստակեցվել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից երեկ պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն։

Երեկ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնել էին, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել` երկու երկրների միջև սահմանին