Նոյեմբերի 7-ից 22-ը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկելու վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը:
Հայաստանի կողմից վերոնշյալ հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրների և երկրների խմբի կողմից, ասված է հաղորդագրությունում:
Մասնավորապես՝ ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ավելի քան 80 անդամ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ։
Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի և Լեհաստանի աջակցությունը։
Արտգործնախարարության լրատվական վարչության տեղեկանքում նշված է, որ 1998 թվականից առայսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական տարեթիվ:
Նախորդ երկամյակի համար հաստատվել էին Հայաստանի ներկայացրած՝ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի և Ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանի հայտերը: