23 մեծ ու փոքր ավանակները՝ հարդարված, տոնական հագուկապով, փալանով ու զարդարանքով, շրջում են Ախթալայի նորաստեղծ ֆերմայում։ Հիմնադիրը՝ Վազգեն Խաչիկյանն ասում է՝ անուններ չունեն, բայց փոխարենը՝ պաշտոններ ունեն՝ հասարակ պետից մինչև նախագահ։
«Էշ» պարունակող բառեր ֆերմայում շատ կլսես։ Անունը «Պարկեշտ» են դրել, պատնեշներ կառուցել ու գոմեշներ բերել «Պարկեշտ» ֆերման ամբողջացնելու համար։
Տարիներ առաջ քաղաքականությունից հեռացած նախկին պաշտոնյա Խաչիկյանն արդեն մեկ տարի ավանակներ է բազմացնում. էշի «պարկեշտ» կաթն ու կաթից ստացված պանիրը Հայաստանում առաջին անգամ շուկա կհանի: Իր սիրած ամենօրյա ըմպելիքն է դարձել կաթով թեյը, որ Եվրոպայում ընդունված բան է, ասում է ու շեշտում՝ ժամանակին թագուհիները երիտասարդ մնալու համար էշի կաթով լոգանք են ընդունել։
Ավանակները հաճախ չեն ենթարկվում տիրոջը։ Մի քիչ էշի համառությունը կոտրելու, մի քիչ էլ զբոսաշրջիկներին գրավելու համար ճանապարհը կարգավորող լուսացույց են դրել։ Միջազգային կարգի վարորդական իրավունք կստանան այն այցելուները, որոնց կհաջողվի էշով անցնել այս ճանապարհը։
Համառ ու կամակոր են, բայց ոչ ուտելու հարցում, ասում է ֆերմայի տերը։ Զարմանում է՝ ովքեր են ստեղծել ասացվածքը, թե՝ «էշն ի՞նչ գիտի, նուշն ինչ է»։ Ծառից պոկում է արդեն հասունացած նուշն ու հյուրասիրում ֆերմայի գլխավորին՝ նախագահի պաշտոնով էշին։
Մանրամասները ռեպորտաժում.