Նոյեմբերի 22-23-ը Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին չմասնակցելու Երևանի որոշումը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի ղեկավարության որոշումը՝ չմասնակցել ՀԱՊԿ նիստերին, իհարկե, ցավալի է, մենք չենք կարծում, որ այն համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և կնպաստի մեզ բարեկամ այդ երկրի անվտանգության և կայունության ամրապնդմանը», - ասել է Զախարովան:
«Հայտարարություններն այն մասին, որ իբր Ռուսաստանից իր դիմումներին պատասխան չստանալով Հայաստանը ստիպված էր այլընտրանք փնտրել, և որ Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ՝ ընդհակառակը, ինձ թվում է, պարզապես փորձ է պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու, մեղավորներ գտնելու իրենց սխալ հաշվարկներ համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Անդրադառնալով «վեկտոր չփոխելու» մասին Հայաստանի հայտարարություններին, Զախարովան պնդել է, թե դրանք արվում են «իրական մտադրությունները թաքցնելու համար»: «Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում այդ հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե դա արվում է Արևմուտքից հուշումով կամ ցուցումով:
«Մյուս կողմից, նրանք փորձում են դա հնարավորինս քողարկել՝ ենթադրելով, որ այդպես հնարավոր կլինի պահպանել հատուկ հարաբերությունների և օգնության նախկին մակարդակը: Դա այնքան ակնհայտ և հասկանալի է, որ հնարավոր չէ թաքցնել տարբեր ձևակերպումների և բառերի հետևում», - հայտարարել է Մարիա Զախարովան։
Նա միաժամանակ նշել է, որ Հայաստանը մտադիր չէ արգելափակել ՀԱՊԿ մարմինների աշխատանքը կամ խոչընդոտել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատումը։ «Սա, ըստ էության, Երևանի համար աշխատանքին միանալու դուռը բաց է թողնում, և մենք հուսով ենք, որ հայ դաշնակիցները մոտ ապագայում կօգտվեն այս հնարավորությունից», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան կրկին պնդել է, թե Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը չի ապահովում երկրի անվտանգությունը, իսկ ՀԱՊԿ ուժերի տեղակայումը հայ - ադրբեջանական սահմանին կօգներ ապահովելու Հայաստանի անվտանգությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի պաշտպանության նախարարը ևս չի մասնակցի ՀԱՊԿ նիստինՀայաստանի ԱԳ նախարարը չի մասնակցի նոյեմբերի 22-ի ՀԱՊԿ նիստինՓաշինյանը չի մասնակցի Մինսկում ՀԱՊԿ-ի նոյեմբերի 23-ի նիստին